Ինքնահռչակ Հս. Կիպրոսի ուժերը հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վրա

ԴԴիանա Գասպարյան

ՄԱԿ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՄԻՋԱԴԵՊԸ

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հայտնել են Պիլա գյուղի բուֆերային գոտում միջադեպի մասին, որը տեղի է ունեցել, երբ խաղաղապահները փորձել են արգելափակել այդ տարածքում չարտոնված շինարարական աշխատանքները։

Ըստ առաքելության հաղորդագրության՝ «Կիպրոսի թուրքական հատվածի ներկայացուցիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի վրա, վնաս հասցրել առաքելության փոխադրամիջոցներին»:

Լրատվականները գրում են, որ հարձակվողները զինվորականներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել։

ՄԱԿ-ի խաղաղապահ Առաքելությունը դատապարտել է միջադեպը, այն անվանել լուրջ հանցագործություն: «Կոչ ենք անում Կիպրոսի թուրքական կողմին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրման, և անհապաղ դուրս բերել ողջ անձնակազմն ու տեխնիկան ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտուց»՝ ասված է հայտարարությունում:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Եվրամիությունը և մի շարք երկրներ դատապարտել են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումը:

ՍԵՎԾՈՎՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱՆՑՔԸ ՍԿՍԵԼ Է ԳՈՐԾԵԼ

Հուլիսի 17-ից հացահատիկի գործարքից դուրս գալու մասին Մոսկվայի հայտարարությունից հետո առաջին անգամ կոնտեյներային նավը լքել է Օդեսայի նավահանգիստը և հասել Բոսֆորի նեղուց, նավի հետագա երթուղին չի նշվում։ Այսպիսով Կիևի ստեղծած սևծովյան ժամանակավոր միջանցքը սկսել է գործել։ Բեռնանավը նավարկել է Հոնկոնգի դրոշի ներքո և տեղափոխել ավելի քան 30 հազար տոննա բեռ, այդ թվում՝ սննդամթերք:

Ավելի վաղ՝ Ռուսաստանի ՊՆ-ն զգուշացրել էր՝ Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ՝ դրանից բխող համապատասխան ռիսկերով։

Սև ծովում ռուսական ուժերի մասնակցությամբ վերջերս միջադեպ է գրանցվել: Օգոստոսի 13-ին Սևծովյան նավատորմի «Վասիլի Բիկով» պարեկային նավը նախազգուշական կրակ է բացել և ստիպել Պալաուի դրոշի ներքո նավարկող «Շուկրու Օկան» բեռնատար նավին կանգնել՝ ստուգման համար: Լրատվամիջոցները գրում են, որ նավը պատկանել է թուրքական ընկերության և ուղևորվել է Օդեսայի նավահանգիստներից մեկը:

Թուրքիայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ երկրի իշխանությունը նախազգուշացրել է ռուսական կողմին, որ նման միջադեպերց հարկավոր է խուսափել, քանի որ դրանք կարող են Սև ծովում լարվածության պատճառ դառնալ:

ՈՒԿՐԱԻՆԱՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՍՏԱՆԱ. ՍԱԼԻՎԱՆ

Ուկրաինան երրորդ երկրների միջոցով F-16 կործանիչներ կստանա, երբ ուկրաինացի օդաչուները վերապատրաստում անցնեն և սովորեն կառավարել դրանք՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքով՝ Սպիտակ տունն այդ հարցով աշխատանքներ է տանում Կոնգրեսի և դաշնակիցների հետ: Ջեյք Սալիվանը հավելել է՝ ուկրաինացի օդաչուների վերապատրաստմամբ զբաղվում են Դանիան և Նիդերլանդները: Ավելի վաղ՝ The Washington Post-ը հայտնել էր, որ ուկրաինացի օդաչուների առաջին խումբը վերապատրաստում կանցնի և կավարտի ուսուցումը 2024 թվականի ամռանը: Այսօր Դանիան և Նիդերլանդները պաշտոնապես հաստատել են, որ ԱՄՆ-ից համաձայնություն են ստացել՝ Կիևին F-16 ինքնաթիռներ մատակարարելու համար։
Ավելի վաղ արձագանքելով F-16-երի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուղիղ զինված բախման վտանգ են ստեղծում:

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱԺԱՌԱՆԳԸ

Էր Ռիադը և Թեհրանը ակտիվ ջանքեր են գործադրում՝ բարելավելու երկկողմ հարաբերությունները: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին Ջիդդայում ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը: Reuters-ը գրում է՝ սա ամենաբարձր մակարդակի հանդիպումն է երկու երկրի միջև տարիներ տևած լարվածությունից հետո: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու հետագա գործակցության հեռանկարը։

Էր Ռիադ է մեկնել նաև Սաուդյան Արաբիայում Իրանի նորանշանակ դեսպանը, որը սկսում է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում:

ԱԹՍ-Ն ՓՈՐՁԵԼ Է ԳՐՈՀԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ. ՌԴ ՊՆ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել Մոսկվայում գտնվող օբյեկտներ՝ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալով՝ անօդաչուն խոցվել է և ընկել մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գտնվող ոչ բնակելի շենքի վրա: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Անօդաչու թռչող սարք է խոցվել նաև Բելգորոդի շրջանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում