Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել. Սերժ Սարգսյանն առաջին անգամ ցուցմունք տվեց

ԳԳոհար Սարգսյան

Մոտ կես միլիարդ դրամի դիզվառելիքի հափշտակության գործով ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանը, որը տևել է մոտ 15 րոպե: Ամբաստանյալը ճիշտ է համարել, որ նախկին գյուղնախարարը դիզվառելիքի մատակարարման ծրագրի հաղթող է համարել «Ֆլեշ» ընկերությանը: Հավելել, որ Սերգո Կարապետյանը զրպարտել է իրեն, և որ ուրախ չէ նրան պաշտպանելու համար:

Սերժ Սարգսյան (ՀՀ երրորդ նախագահ) - Ես առանձնապես ասելիք չունեմ։

Դատարանում այսպես սկսեց իր ցուցմունքը Սերժ Սարգսյանը դիզվառելիքի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակության գործով: Ի դեպ, առաջին անգամ է, երբ դատարանում ցուցմունք է տալիս նախագահ:

Սերժ Սարգսյան - Դատաքննության ողջ ընթացքը ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, և եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ, և ոչ թե հիմա:

Խոսքը գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի մատակարարի ընտրության մասին է:

Սերժ Սարգսյան - Այդ ծրագիրը կարող էին իրականացնել 2 ընկերություն, և նա ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել:

Ըստ մեղադրանքի, սակայն, ավելի ցածր գին առաջարկել էր «Մաքսհուր» ընկերությունը, բայց հաղթող է ճանաչվել «Ֆլեշը»: Դրա մասին տեղյակ է եղել Սերժ Սարգսյանը և մեղադրանքի համաձայն՝ գիտակցել, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու հետևանքով պետությունից անհիմն ելքագրվելու է առանձնապես խոշոր չափի գումար:

Սերժ Սարգսյան - Ես, անկեղծ ասած, ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է։ Եվ կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որ այդպիսի ցուցմունք տա: Էդքան բան: Ես ուրիշ ասելիք չունեմ:

Դատախազը խնդրեց պարզաբանել, թե ինչ հիմքով է նա օգտագործում «բոլորի համար պարզ է» արտահայտությունը։ Սարգսյանն ասաց՝ նման եզրահանգման է եկել դատաքննության արդյունքներով։

Սերժ Սարգսյան - Երբ այն ընկերությունները, որոնք մասնակցելու ցանկություն են հայտնել, այս ամբիոնից ասում էին, որ իրենք ի վիճակի չէին 2 ամսվա ընթացքում 17 հազար տոննա դիզվառելիք ներկրել Հայաստանի Հանրապետություն, ու նաև վերաբաշխել ամբողջ հանրապետությունով, որևէ մեկը չի ասել, որ ինքը ի վիճակի էր դա անելու: Արդյոք դա բավարար չէ՞, որ ես այդպիսի եզրակացության գամ:

Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանի հարցին՝ ինչ հարաբերություն ունի Բարսեղ Բեգլարյանի հետ, Սերժ Սարգսյանն ասաց՝ հարցը հռետորական է:

Սերժ Սարգսյան - Որովհետև նախաքննության ժամանակ ես ասել եմ, որ Բարսեղ Բեգլարյաին ճանաչում եմ 1971 թվականից, և այդ թվականից սկսկած մենք ընկերներ ենք:

Սերգո Կարապետյանի հետ հարաբերություններն էլ Սարգսյանն աշխատանքային որակեց: «Կարապետյանին դիզվառելիքի ձեռքբերման վերաբերյալ հանձնարարություն արդյոք տվե՞լ է» հարցին Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց: Ամբաստանյալը նաև ասաց, որ այդ ծրագրի մասին զեկուցելիս Կարապետյանը իրեն չի հայտնել, որ մասնակցելու ցանկություն ունի նաև «Ֆլեշ» ընկերությունը:

Սերժ Սարգսյան - Նա ինձ ասել է հետևյալը, որքանով հիշում եմ. ում վստահել ծրագրի իրականացումը: Ես նրան նույնն եմ ասել, ասել եմ, որ ծրագիրը պետք է իրականացվի ժամանակին և որակով:

Սերժ Սարգսյանը ցուցմունք տալիս նշեց՝ ծրագրի իրականացման կարզմակերպման հետ կապված առանձին հանդիպում նախկին նախարարի հետ չի ունեցել: Դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց Սերգո Կարապետյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքից հատված, ըստ որի՝ Բարսեղ Բեգլարյանն ասել է՝ կարող է գինը իջեցնել ու միաժամանակ հավելել՝ պայմանավորվել է նախագահի հետ, որպեսզի կազմակերպի ներկրումը, նախագահն էլ ասել է՝ տվեք թող Բարսեղը կազմակերպի։ Դատավորի հարցին ի պատասխան՝ ինչու պետք է Կարապետյանը այդպիսի ցուցունք տար, Սերժ Սարգսյանն ասաց, թե չի ուզում ենթադրություներ անել:

Սերժ Սարգսյան - Դատարանը թող ինքը ենթադրություններ անի, թե ինչու Սերգո Կարապետյանը այդպիսի ցուցմունք տվել է ո՛չ առաջին և ո՛չ երկրորդ հարցաքննության ժամանակ:

Սերժ Սարգսյանի ցուցմունքն ու ապացույցների հետազոտումն ավարտվեց: Այս գործով, Սարգսյանից բացի, մեղադրյալ են «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը: Նախկին նախարար Սերգո Կարապետյանի ու փոխնախարար Սամվել Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում