Դատավորի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանի փաստաբանները փորձում են խափանել դատական նիստը

ԳԳոհար Սարգսյան

Երեք միջնորդություն՝ մեկ նիստում. Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Մինչև միջնորդությունների քննությունը Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն անդրադարձավ այս նիստին իրենց մասնակցությանը, հիշեցրեց, որ փաստաբանները եռօրյա գործադուլ են անում, և ինքը երեկ այլ նիստով միջնորդություն է ներկայացրել այդ պատճառով նիստը հետաձգելու, սակայն դատարանը մերժել է այն:

 Ամրամ Մակինյան (Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ) - Պայմանավորված էն հանգամանքով, որ դուք չեք հարգել մեր հարգելի բացակայությունը, մենք ստիպված հակասական իրավիճակում ենք հայտնվել և այսօր եկել ենք դատական նիստի և կրկին խնդրում ենք նիստը հետաձգել:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը միջնորդությունը անհիմն որակեց:

Տիգրան Ենոքյան (Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Կողմի իրավունքն է անցկացնել գործադուլ, բայց ամեն դեպքում, ես կարծում եմ, որ դա բավարար չէ, որ դատական նիստը հետաձգվի:

Այնուհետև պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը 2 միջնորդություն ներկայացրեց՝ հիմքում՝ Սահմանադրական դատարանում քննվող «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցն է։ Փաստաբանը միջնորդեց գործի վարույթը կասեցնել մինչև Բարձր դատարանի եզրափակիչ դատական ակտ կայացնելը:

Վահագն Գրիգորյան (պատասխանողի ներկայացուցիչ) - ՍԴ-ն ներկայում քննարկում է այնպիսի իրավահարաբերություններ, որոնք սույն գործի համար էական նշանակություն ունեն, քանի որ սահմանադրական դատավարության կարգով քննվող գործի ելքից է կախված լինելու սույն գործով որոշվելիք ապացուցման առարկան և բաշխվելիք ապացուցման բեռը:

Դատախազը այս միջնորդությունը ևս անհիմն համարեց, նշեց՝ հայցի քննությունը կասեցնելու հիմքեր առկա չեն:

Տիգրան Ենոքյան - Քանի դեռ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի որևէ դրույթ Սահմանադրական դատարանի կողմից չի կասեցվել, գործում է օրենքների իրավական օրենք լինելու և Սահմանադրությանը համապատասխանելու կանխավարկածը:

Դատարանը ևս արձանագրեց, որ օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ որոշում առկա չէ:

Կարեն Բադալյան (դատավոր) - Տվյալ դեպքում գործի քննության անհնարինությունը բացակայում է, հետևաբար միջնորդությունը առնվազն այս հիմքերով անհիմն է և ենթակա մերժման:

Նույն հիմքով փաստաբանը միջնորդեց այս անգամ էլ ողջամիտ ժամկետում հետաձգել գործի քննությունը:

Վահագն Գրիգորյան - Նման պայմաններում գտնում ենք, որ անհրաժեշտ է հետաձգել սույն գործը՝ մինչև ՍԴ-ում քննվող գործով եզրափակիչ ակտ կայացնելը, քանի որ չհետաձգումը առաջ է բերում որոշակի խնդիրներ՝ կապված այն հանգամանքի հետ, թե ի վերջո ով այս գործի շրջանակում ինչ պետք է ապացուցի:

Դատարանը նույն պատճառով այս միջնորդությունը ևս մերժեց: Փաստաբանի երրորդ միջնորդությունն էլ հայցային վաղեմություն կիրառելուն էր վերաբերում: Ընդ որում՝ նման միջնորդություն կողմը երկրորդ անգամ է ներկայացնում, ըստ փաստաբանի, սակայն, այժմ հիմքերն են այլ:

Կարեն Բադալյան - Իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցադիմումը թվագրված է 2022 թվականով, և երկրորդ՝ որ սույն գործով իրավասու մարմնի կողմից ներկայացված հայցադիմումը վերաբերում է բավականին վաղ անցյալում ենթադրաբար տեղի ունեցած իրադարձություններին: Ենթադրաբար հայցի հիմքում դրված է այն կանխավարկածը, որ պատասխանողը որոշակի տարեթվերի, որոշակի ամսաթվերի որոշակի ապօրինի եկամուտներով կատարել է որոշակի ծախսեր և գույքեր:

Նա ընդգծեց, որ այս միջնորդությունը ներկայացնելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես պատասխանողների կողմից պահանջների կամ հայցի հիմքում դրված փաստերի ընդունում: Միջնորդությունը սակայն դատարանը չքննեց: Դատավորը նշեց, որ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է։ Ըստ դատավոր Կարապետ Բադալյանի՝ միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ առկա է նպատակ՝ խափանել դատական նիստը:

Կարեն Բադալյան - Հաշվի առնելով այսօրվա դատական նիստում կողմի ներկայացրած՝ գործի քննությունը հետաձգելու բազմաթիվ, տարբեր փաստարկներով գործի քննությունը հետաձգելու միջնորդությունները, դատարանն արձանագրում է, որ այս միջնորդություն էլ ներկայացված է նույն տրամաբանությամբ և նպատակ է հետապնդում խափանել դատական նիստը, ձգձգել գործի դատական քննությունը։

Դատախազությունը Սերժ Սարգսյանից և նրա դստերից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 734 միլիոն դրամի գույք ու դրամական միջոց:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում