Առցանց տիրույթում հափշտակությունների վերաբերյալ հերթական գործերն են դատարան ուղարկվել: Ինչո՞ւ են մարդիկ շարունակում խաբեբաների ծուղակն ընկնել: Հաճախ պատճառը էլեկտրոնային ծառայություններից օգտվելու կանոններին շատերի անտեղյակությունն է: Իրավապահ կառույցից հորդորում են՝ կասկածներ ունենալու դեպքում անմիջապես տեղեկացնել. արագ արձագանքը կնպաստի հափշտակության գործընթացի կանխմանը:
Առցանց կեղծ վարկային գործարքներ և հափշտակված գումարներ. երկու քրեական վարույթով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:
Մի դեպքում 28-ամյա կինը իր 7 գործընկերների հեռախոսներով առցանց կեղծ վարկային գործարքներ է կնքել, հափշտակված գումարը կազմել է 1.136.000 դրամ, մյուս դեպքում 53-ամյա կինը լուսանկարել է ծանոթների և բարեկամների 21 անձնագիր, իսկ 35-ամյա տղամարդն էլ այդ տվյալներով անգրավ վարկեր է ձևակերպել. այս դեպքում հափշտակած գումարը կազմել է 3.630.000 դրամ: Դեպքերը գրանցվել են Լոռու մարզում:
Հեռախոսները, անձնագրերն ու տվյալները ստանալու մեթոդները տարբեր են:
Գոռ Աբրահամյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար) - Մի դեպքում պատճառաբանում են, որ ուզում են տեսնել անձանց անձնագրի լուսանկարը, մի դեպքում պատճառաբանում են, որ, օրինակ՝ իրենք արտերկրից պետք է գումար ստանան բանկային հաշիվներով, բայց հաշիվները արգելափակված են, անհրաժեշտ է օգնություն, մեկ այլ դեպքում, օրինակ՝ նշել են, որ բացում են, այսինքն՝ օնլայն առևտրով են ուզում զբաղվեն, բացում են խումբ և ուզում են այդ անձանց ընդգրկել այդ խմբի մեջ, վերցնում են նրանցից հեռախոսները:
Տվյալները մուտքագրում են բանկերի էլեկտրոնային հավելվածների մեջ, իրականացնում նույնականացում, այնուհետև ձևակերպում, կնքում պայմանագրեր: Էլեկտրոնային համակարգի միջոցով արագ վարկեր ձևակերպելու մեխանիզմից մարզերում ավելի քիչ են տեղեկացված, այս հանգամանքը ևս դեր է խաղում, որ հենց մարզի բնակիչները հայտնվեն տուժողի կարգավիճակում:
Գոռ Աբրահամյան - Չարաշահում են անձանց վստահությունը, և հատկապես էլեկտրոնային նմանատիպ ծառայություններից, հավելվածներից օգտվելու կանոններին շատերի անտեղյակության հանգամանք, էս հիմնական երկու գործոնները, էսպես ասած, թույլ են տալիս, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ հավատան, վստահեն և ընկնեն ահա այսպիսի ծուղակների մեջ:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ կասկածներ ունենալու դեպքում հարկ է տեղյակ պահել իրավապահ մարմիններին. արագ արձագանքը կնպաստի հափշտակության գործընթացի կանխմանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատրյան









