ՊՎԾ-ն վեց խոշոր ԲԿ-ում 542 միլիոն դրամի խախտումներ է արձանագրել

ԱԱնուշ Մուրադյան

Պետական վերահսկողական ծառայությունը 542 միլիոն դրամի խախտումներ է արձանագրել 6 խոշոր բժշկական կենտրոնում՝ «Արմենիայում«, Արաբկիրում», «Նորք-Մարաշում», Ուռուցքաբանականում, «Շենգավիթում» և «Նաիրիում»: Խոսքը պետպատվերի տրամադրմանն է վերաբերում: 2020-21 թվականներին կնքված պայմանագրերում, ծառայության պետի խոսքով, ընթացակարգային թերություններ ու բացթողումներ են հայտնաբերվել, անգամ կեղծված փաստաթղթեր:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ ՊՎԾ ղեկավար) - Ունենք դեպքեր, երբ պարզապես պարզապես փաստաթղթերի կեղծքների միջոցով որոշ բուժհաստատություններ, բուժառուի վրա ծախսում են այլ ուղղությամբ, այլ մասնագիտական ոլորտների ծրագրեր , այսպես ասած, իսկ տվյալ հիվանդությունները երբ ենթակա չեն լինում պետական պատվերով փոխհատուցման պետբյուջեից, «Արմեդ» համակարգի միջոցով ներկայացվում են ՊԱԳ-ին՝ Պետական առողջապահական գործակալությանը այլ հիվանդության անվան տակ, որոնք ենթակա են պետական պատվերով փոխհատուցման:

Մասնագետները անհամապատասխանություններ են հայտնաբերել պետպատվերի գումարները ստանալու փաստաթղթերի ու քաղաքացիների հիվանդությունների պատմությունների միջև՝ ասում է Պետրոսյանը: Այսինքն՝ եղել է մի հիվանդություն, բայց պետությանը ներկայացվել է մեկ այլի անվան տակ: Այսքանով խախտումների շարքը չի ավարտվում: Որոշ դեպքերում էլ, պետի խոսքով, հիվանդն իրավունք է ունեցել օգտվել պետպատվերից, բայց անտեղյակ լինելու պատճառով վճարել է, բուժվել, իսկ հիվանդանոցը, առիթից օգտվելով, և՛ նրանից է գումար ստացել, և՛ պետությունից:

Ռոմանոս Պետրոսյան - Պատմագրերի ուսումնասիրությունների և «Արմեդ» համակարգում ներբեռնված փաստաթղթերի համադրման արդյունքում պարզել ենք, որ շուրջ 100 այդպիսի քաղաքացիներ ունենք, ընդհանուր բյուջեն 13.7 միլիոն դրամի, որոնք որ պետք է մասնակի կամ ամբողջապես փոխհատուցվեր բյուջեի միջոցներով պետպատվերի շրջանակում, սակայն գանձվել է տվյալ բուժառուներից այդ գումարները, և տվյալ բուժհաստատությունները մեր՝ վերահսկողություն իրականացնելու արդյունքում վեր հանված այդ տվյալների հիման վրա, կապ են հաստատել այդ քաղաքացիների հետ, հրավիրել են բուժհաստատություններ, և այդ վճարած գումարները ժամանակին վերադարձրել են քաղաքացիներին:

Ռոմանոս Պետրոսյանը հիշեցնում է՝ ՊՎԾ ԲԿ-ներ մտավ այն բանից հետո, երբ 21-ի աշնանը հիվանդանոցներում սպառվեց պետպատվերը, ու մարդիկ հայտնվեցին անվճար բուժօգնություն ստանալու խնդրի առջև: Այդ ժամանակ Առողջապահության նախարարությունը գործադիրի հանձնարարությամբ ուսումնասիրություն սկսեց, գործին միացավ նաև ծառայությունը: Ընթացքում, ըստ պետի, բովանդակային հարցերից բացի առաջ եկավ օրինականության խնդիրը, և ուսումնասիրությունն ամբողջությամբ փոխանցվեց ՊՎԾ-ին:

Ռոմանոս Պետրոսյան - 542 միլիոն դրամի առերևույթ խախտումներից արդեն շուրջ 119 միլիոն դրամ վերականգնվել է պետական բյուջե, ևս 96 միլիոն դրամ վերականգնելու ժամանակացույցներ են համաձայնեցվել, խոսքը երկու բուժհաստատություններին է վերաբերում:

Այդ երկուսը Շենգավիթն ու ուռուցքաբանականն են, իսկ ահա «Նաիրիի» և «Արմենիայի» դեպքում գործը հասել է քննչական, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նորք-Մարաշում արձանագրված խախտումների փաթեթն էլ ուղարկվել է Դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:

Պետրոսյանի կանխատեսմամբ՝ կաճի նաև քաղաքացիներին վերադարձվող գումարի չափը՝ բոլորը միասին 25 միլիոնի կհասնի: Ծառայության ղեկավարն ասում է՝ մեկ տարի առաջ սկսված ուսումնասիրությունը շարունակվելու է Պետական առողջապահական գործակալությունում և պետպատվեր ստացող մյուս բուժկենտրոններում:

Իսկ ստուգումներին զուգահեռ արդեն մշակում են ոլորտի բարեփոխման առաջարկների փաթեթ, որ քաղաքացին ու բյուջեն այլևս չտուժեն, կլինի դա օրենքի բացի, մարդկային գործոնի կամ էլ անբարեխիղճ տնտեսվարողի պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում