Ծնողներն իմանան տեղս, գլուխս կջարդեն. Վահանյանի գործով ցուցմունք են տալիս զոհվածների ծնողները

ԼԼիլիթ Ասատրյան

44-օրյա պատերազմի ժամանակ մարտադաշտը լքելու և հրամանատարության հետ կապի միակ միջոցը տանելու համար մեղադրվող մայոր Իշխան Վահանյանի գործով դատարանում ցուցմունք տվեցին զոհված նորակոչիկները ծնողները:

Զոհված զինծառայող Ռաֆիկ Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը, պատմեց, որ որդին ծառայել է Մեխակավանի զորամասում, մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 18-22-ը, որդուն տեսակցել է զորամասում:

Վարդուհի Մանուկյան (Ռաֆիկ Սահակյանի մայրը) - Մինչև Ռաֆիս տեսնելը խոսակցությունները գնում էր տվյալ անձնավորության վերաբերյալ, որ էրեխեքին ինքը նեղացնում ա, ես զինվորներից լսեցի:

Մանուկյանի որդին իրեն պատմել է, որ սեպտեմբերի 29-30-ը զինծառայողները Արա լեռում մարտեր են վարել առանց սպայական անձնակազմի ու եկել Հադրութ:

Վարդուհի Մանուկյան - Անտառների մեջ կորում են, տալիս են 2 վիրավոր, Հադրութում ռազմական ոստիկանները իրանց բռնում տանում են իրանց մոտ, ու էդ պահին էլ էի խոսում Ռաֆիս հետ, ինքն ասաց, որ մենք մոլորվել ենք, որովհետև սպայական անձնակազմ չկա, մենք չգիտենք ճանապարհը:

Արդեն Հադրութի դպրոցում, զինվորի մոր խոսքով՝ այն ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հրամայել է բարձրանալ դիրքեր, այն դեպքում, երբ, ըստ Մանուկյանի՝ զինծառայողներն անփորձ են եղել, բարոյահոգեբանական վատ վիճակում:

Վարդուհի Մանուկյան - Իրենց պիտի հանեին Խուռհատ սար, պաշտպանեին դիրքերը, բայց Ռաֆոն ասում էր, որ էդ դիրքերը մենք էլ չունենք, հակառակորդը կա, խոսակցությունն էդպես ա եղել, Ջալալն էլ ասել ա՝ ինձ չի հետաքրքրում, հանում եք բոլորին:

Խուռհատ սար բարձրանալուց հետո, զոհվածի մայրն ասաց, որ որդին հոկտեմբերի 10-ին ընկել է շրջափակման մեջ: Արդեն 12-ին զանգահարել է մորն ու ասել, որ իր հետ տասնյակից ավելի զինվորներ կան և ոչ մի սպա, 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Վերջին կապը որդու հետ հենց այդ օրն է եղել:

Վարդուհի Մանուկյան - Սրա մոտ էլ է եղել հեռախոս, ինքը անընդհատ կապի մեջ է եղել, ու լավ իմացել է, թե երեխեքին ուր է տանում:

Հարցաքննվեց նաև զոհված Դավիթ Ադոյանի մայրը՝ Լիլյա Սարգսյանը: Նա իր հետ բերել էր մահացած ամուսնու ցուցմունքը, որն ի սկզբանե ներգրավված էր եղել որպես իրավահաջորդ:

Դատարանի թույլտվությամբ ընթերցեց ցուցմունքը:

Լիլյա Սարգսյան (Դավիթ Ադոյանի մայրը) - 12-ին երեխեն զանգեց երեկոյան, շատ կոշտ, մրսած ձայնով: Ես չհասկացա սկզբից, որ դա իմ տղան է և անջատեցի հեռախոսը, նորից զանգեց ասեց՝ պա՛պ, ես եմ, հարցրեցի՝ ինչ ա եղել ձայնին, ասաց, որ շրջափակման մեջ են, անտառում են, ինքը և իր 4 ընկերները վիրավոր են, հորդորել են առողջ ընկերներին, որ իրենց թողնեն գնան, չեն համաձայնել: Ասաց նաև, որ գեներալների, հրամանատարների հետ են կապվել, բոլորը խոստացել են գալ և օգնել, բայց արդեն չեն հավատում, արդեն երկրորդ օրն է՝ ոչինչ չեն անում:

Զոհված զինծառայողի մայրն ասաց՝ որդին մյուս զինծառայողների և սերժանտներից մեկի հետ Հադրութի Վանք գյուղի տներից մեկում են եղել: Որդին հորն ասել է, որ ամեն ինչ կարգին է, կապ են հաստատել հրամանատարության հետ: Խոստացել են, որ կգան օգնության և գաղտնաբառ են փոխանցել, մինչդեռ ոչ ոք այդպես էլ չի գնացել: Սարգսյանը հրապարակեց այն զինվորականների համարներն ու տվյալները, որոնց դիմել են ու խաբվել:

Լիլյա Սարգսյան - Երեխեքը շատ վիրավորված էին անգամ մեզանից, որովհետև ես հիշում եմ, որ երեխես ասեց՝ պա՛պ, մենք գեներալներին ասում ենք, ասում են՝ մենք ոչ մի բան չեն կարող անել, դիմեք Կարմիր խաչ:

Խոսել են նաև Իշխան Վահանյանի հետ, որն ասել է, թե տեղյակ է իրավիճակից:

Լիլյա Սարգսյան - Իշխան Վահանյանը, որ իբր վիրավոր էր, ինչի ա ես իրան եմ ուզում ասեմ, որ ասել ինքը մեզ ասեց, որ երեխեքը շրջափակումից դուրս են եկել, բայց տեղս չասեք, ինքը չի կարա հերքի, որ ծնողներն իմանան տեղս, գլուխս կջարդեն: Ինչի՞ ա ինքը էդ բանն ասել, եթե տենց հայրենասեր, չփախած տղա ա:

Լիլյա Սարգսյանի խոսքով՝ որդու հետ վերջին կապը հոկտեմբերի 13-ին է եղել:

Նշեց՝ որդին հոկտեմբերի 10-ին ոտքից վիրավորվել է, 18 օր անց մահացել:

Սարգսյանը պատմեց՝ սարի վրա զինծառայողները առանց հրամանատարների մարտի են բռնվել, շատերը հենց այդ ժամանակ են զոհվել, մյուսները փորձել են փախչել, հետո խմբերի բաժանվել:

Դատարանում հարցաքննվեց նաև զոհված զինծառայող Արման Գաբրիելյանի հայրը՝ Բենիկ Գալստյանը, ու Կարեն Ներսեսյանի հայրը՝ Դավիթ Ներսեսյանը:

Տուժողների և տուժողների իրավահաջորդների հարցաքննությունը կշարունակվի մարտի 20-ին

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում