Մոտ 9.5 միլիարդ դրամի պահանջ. Պողոսյանի առանձնատան և «Քեթրին գրուպ» ընկերության վրա կալանք է դրված

ԴԴիանա Գասպարյան

Շուրջ 9.5 միլիարդ դրամի գույք ու ֆինանսական միջոց. ըստ դատախազության՝ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գույքն ու ֆինանսական միջոցները ապօրինի ծագում ունեն և ենթակա են բռնագանձման:

Տիգրան Ենոքյան (ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ) - Մենք ուսումնասիրության ընթացքում հանգել ենք հետևության, որ առկա է 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի գույքեր, որոնք ենթակա են բռնագանձման հօգուտ պետության:

Միհրան Պողոսյանի Մոնումենտի այս շքեղ առանձնատունը նույնպես պահանջվում է բռնագանձել, այն, ըստ Ենոքյանի՝ ապօրինի ծագում ունի:

Բռնագանձման է ենթակա նաև Պողոսյանի՝ Երևանում գտնվող 12 այլ անշարժ գույք, մեկ գույք Ծաղկաձորում, 3 տրանսպորտային միջոց, ինչպես նաև մասնակցություն 6 ընկերությունում:

Տիգրան Ենոքյան - Ըստ իրավասու մարմնի դիտարկման և օրենքի տրամաբանությունից ելնելով՝ Միհրան Պողոսյանն է հանդիսացել այս ընկերությունների իրական շահառուն, այսինքն՝ ընկերությունների գործունեությունը վերահսկվել է նրա կողմից:

Գույքերի շուկայական արժեքը 3.5 միլիարդ դրամ է, բացի այդ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ պահանջվում է բռնագանձել շուրջ 6 միլիարդ դրամ, ինչպես նաև փոխառությամբ տրված մոտ 1.5 միլիոն դոլար:

Միհրան Պողոսյան - 1997 թվականին «Քեթրինը» ես եմ հիմնադրել:

Այս ընկերության բաժնեմասը նույնպես դատախազության թիրախում է:

Տիգրան Ենոքյան - Պահանջը վերաբերում է 100 տոկոսին բաժնեմասի, այսինքն՝ անձը, ում անվամբ հաշվառված է ընկերության բաժնեմասը, դիտարկվել է որպես անձ, որի գործարքները վերահսկվել են Միհրան Պողոսյանի կողմից:

Դատախազությանը հայտնի չեն, թե կոնկրետ որքան ներդրում է կատարվել «Քեթրին» ընկերությունում:

Տիգրան Ենոքյան - Եվ, բնականաբար, իրավասու մարմնի կողմից պարզված եկամուտները ևս չէին բավարարի նմանատիպ չափի ներդրումներ կատարելու համար, որից հնարավոր էր ստանալ մեծ շահույթներ:

Միհրան Պողոսյանը 2000-ից մինչև 2006-ը եղել է ԱԱԾ ծառայող, ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցրել է 2008-2016 թվականներին, 2017-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Պողոսյանի ներկայացուցիչը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ ամբողջությամբ առարկում են հայցի դեմ, մանրամասների մասին կխոսեն դատարանում:

Պողոսյանի անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև ընկերությունների մասնաբաժինների վրա կալանք է դրված:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում