Արաքսից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը պետք է կանխվեն. ՏԿԵ փոխնախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը և Թուրքիան սահմանազատող Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման դեպքերը պետք է կանխվեն, հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը: Հովհաննես Հարությունյանը շեշտեց, որ գետի հունի փոփոխությունը սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր է առաջացնում: Գործադիրի ներկայացրած օրենսդրական փոփոփոխությունների փաթեթով պետք է կարգավորվի գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման և փլուզված արգելապատնեշների վերակառուցման խնդիրը:

Հովհաննես Հարությունյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Սահմանային շերտում սահմանային գետի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է` մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն ուժի մեջ մտնելը: Ընդ որում՝ ընդերքօգտագործման իրավունք կասեցնելու լիազոր մարմնի որոշումը ենթակա է անհապաղ կատարման:

Գետերից արդյունահանում իրականացնող տեխնիկան պետք է ունենան GPS համակարգ: Եթե տնտեսվարողները չկատարեն օրենքի պահանջը, կարող են զրկվել ընդերքօգտագործման իրավունքից:

Հովհաննես Հարությունյան - Արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների սարքավորումների միջոցով իրականացնելու դեպքում առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել բարձր սահմանաչափ` սահմանված նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով, նույն իրավախախտումը կրկնելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում

Խորհրդարանականները հետաքրքրվեցին, թե որ կազմակերպություններն են անդրսահմանային Արաքսից ապօրինի արդյունահանում իրականացրել և ազգային անվտանգության խնդիրներ առաջացրել: Փոխնախարարը պատասխանեց, թե Արմավիրիր և Արարատի մարզում Արաքսի գետաողողատներից օգտվելու իրավունք 18 կազմակերպությունի ունի, որից 6-ը պատկանում են մեկ ընկերության:

Հովհաննես Հարությունյան - Կան քրեական գործեր՝ հարուցված այդ տարածքներում կատարված գործունեության հետ կապված, և իմ կողմից ինչ-որ բան բարձրաձայնելը սխալ կլինի՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը:

Ներկայացված նախագծով պատկան մարմինները հնարավորություն կունենան սխալ արդյունահանման դեպքը հայտնաբերելուց հետո տեղում կազմել արձանագրությունն ու պատասխանատվության ենթարկել:

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔՆ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾԵԼԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մյուս տեղակալ Վաչե Տերտերյանն էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց: Շինարարությունն ավարտված շենքերը կամ շինություններն առանց թույլտվության շահագործելը կհանգեցնի տուգանքի, նշեց Տերտերյանը:

Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Սահմանում ենք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 700-ապատիկի չափով տուգանք, կրկնվելու դեպքում տուգանքը կլինի սահմանված նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից մինչև 1500-ապատիկի չափով:

Օրենքի արդիականությունը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ բազմաբնակարան որոշ շենքերում, օրինակ՝ գազ, էլեկտրաէներգիա միացվում են, առանց համապատասխան փորձաքննության: Քննարկված նախագծերն արժանացան Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Հեղինակ՝ Անի Օհանյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում