Վերջին երեք տարում քրեական հետապնդման է ենթարկվել համայնքի նախկին և գործող 373 ղեկավար

ԼԼիլիթ Ասատրյան

Վերջին երեք տարվա ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել համայնքի նախկին և գործող 373 ղեկավար, որոնցից տարբեր պատիժների դատապարտվել է.

Սամվել Հակոբյան (ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ) - 2020 թվականից մինչև 2022 թվականի նոյեմբեր ամիսը ներառյալ ՀՀ իրավասու մարմիններում եղած կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով նախաձեռնման պահին նախնական հաշվարկով արձանագրվել է համայնքներին պատճառված շուրջ 12 միլիարդ 510 միլիոն դրամի չափով վնաս, նույն քրեական վարույթների շրջանակներում նշանակված փորձաքննությունների ինչպես նաև կատարված այլ վարութային գործողությունների արդյունքում նշված վնասից հստակեցվել է շուրջ 4 միլիարդ 700 միլիոն դրամը:

Դատախազի խոսքով՝ ավարտված քրեական վարույթներով արդեն իսկ վերականգնվել է 1 միլիարդ 44 միլիոն դրամ, ընդ որում՝ վերականգնման 80 տոկոսը կատարվել է 2022 թվականի ընթացքում: Համայնքներին պատճառված մնացած՝ 11 միլիարդ 466 միլիոն դրամ չվերականգնված վնասի մասով նախաքննությունը մի շարք քրեական վարույթներով շարունակվում է:

Սամվել Հակոբյան - Նշված գումարների վերականգնումը մեծ մասամբ պայմանավորված է եղել դատախազների կողմից շրջադարձային որոշում կայացնելով, այսինքն՝ նախաքննական մարմնի կողմից քրեական գործի վարույթը կարճվել է արդարացնող հիմքով, որից հետո նշված որոշումը դատախազի որոշմամբ վերացվել է, և արդյունքում վերականգնվել են համայնքին պատճառված վնասները:

Քրեական հետապնդման ենթարկվածներից են Երևան, Գյումրի, Վանաձոր, Բերդ, Ստեփանավան, Քասախ, Սուրենավան, Իջևան, Դիլիջան, Մեղրի համայնքների նախկին, Գորիսի ներկա ղեկավարը: Այս տարիների ընթացքում ամենախոշոր վնասը հասցվել է Երևանին:

Սամվել Հակոբյան - Համայնքին պատճառվել է շուրջ 2 միլիարդ 327 միլիոն դրամի չափով վնաս:

Ըստ մեղադրանքի՝ 2002-2009 թվականները՝ որպես Կենտրոնի թաղապետ, 2009-10-ը՝ որպես քաղաքապետ, Գագիկ Բեգլարյանը Երևանում ու այլ բնակավայրերում գտնվող շուրջ 27 անշարժ գույք է ապօրինաբար յուրացրել, դրանցից 4-ը՝ Մաշտոցի պողոտայում: Դատախազի խոսքով՝ 2 միլիարդ 327 մլն դրամ վնասից Բեգլարյանը վերականգնել է շուրջ 320 միլիոնը: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Լուրերի» հետ զրույցում հրաժարվեց խոսել՝ նախաքննական գաղտնիք չբացահայտելու պատճառաբանությամբ, միայն նշեց՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և հափշտակության մեղադրանքները չեն ընդունում: Այդ դեպքում ինչո՞ւ են հատուցել վնասի մի մասը, պաշտպանը չմանրամասնեց:

Համայնքին հասցված վնասի ամենախոշոր վերականգնումն արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի 2008-15 թթ. քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, որը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Ըստ մեղադրանքի՝ ապօրինի փոխվել է Աբովյան համայնքին պատկանող` 450 միլիոն դրամ արժողությամբ 10 հա հողատարածքի նշանակությունը, և ձևական աճուրդի միջոցով օտարվել ընդամենը 712.400 դրամով: Թեև համայնքին պատճառված 450 միլիոն դրամի վնասը Գուլոյանը վերականգնել է, այս դեպքում ևս նրա պաշտպան Հունան Բաբայանի խոսքով՝ նախկին համայնքապետը չի ընդունում մեղադրանքը: Այլ հարցերի պաշտպանը չպատասխանեց:

Մի շարք այլ համայնքների ղեկավարների հնարավոր չարաշահումների քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Դատախազը հիշատակում է 1999-2016 թվականները՝ 17 տարի Վանաձորը ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանի գործը:

Նրա պաշտոնավարման ժամանակ, ըստ մեղադրանքի, քաղաքի միակ հիվանդանոցի հարակից 85 քառակուսի մետր համայնքապատկան տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել է, թեև տարածքը հիվանդանոց տանող ճանապարհ էր և օտարման ենթակա չէր:

Սամվել Հակոբյան - Քննիչի կողմից որոշում էր կայացվել քրեական գործով վարույթը արդարացնող հիմքով կարճելու մասին, նույն քրեական վարույթով ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 2022 թվականին որոշում է կայացվել քննիչի որոշումը վերացնելու մասին, արդյունքում՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և 2022 թվականի դեկտեմբեր ամսին կայացվել է համապատասխան դատավարական ակտ:

Դատարանը թեև հաստատել է Դարբինյանի մեղադրանքը, բայց որոշել է, որ նրա պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է, և դադարեցրել է քրեական հետապնդումը: Համայնքի նախկին ղեկավարը հրաժարվեց «Լուրերի» հարցին պատասխանել՝ առանց հարցը լսելու անջատելով հեռախոսը: Նրա փոխարեն խոսեց պաշտպանը:

Ռուբեն Հակոբյան (Սամվել Դարբինյանի պաշտպան) - Ի սկզբանե Սամվել Դարբինյանը նշել էր, որ որևէ հանցանք չի կատարել, տվյալ տարածքը օտարվել է այդ ժամանակ գործող օրենքի բոլոր պահանջների խստիվ պահպանմամբ, և այդ դիրքորոշումը ունեցել է նաև մինչև վերջ:

Մեղադրանքը չընդունող Դարբինյանը, սակայն, համաձայնել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ոչ թե արդարացման, այլ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ռուբեն Հակոբյան - Պատկերացնո՞ւմ եք՝ 63 տարին բոլորած անձը էդ այսպես ասած չակերտավոր ենթադրյալ հանցագործության դեպքով տարիներով դատական պրոցեսների մեջ լինի, առողջական խնդիրներ ունի և հենց դիմումն էլ էդպես գրել է պարոն Դարբինյանը, որ մեղադրանքը շինծու է, արհեստածին է, քաղաքական շարժառիթներով ա, չեմ ընդունում, ուղղակի հոգնել եմ այս քաշքշուկներից:

Դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը մտադիր է հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսել: Դատարան ուղարկված գործերից մեկով էլ դատաքննությունը դեռ շարունակվում է, մեղադրյալը Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2005-2021 թթ. ղեկավար Արմեն Սանթրոսյանն է:

Սամվել Հակոբյան - Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համայնքին պատկանող անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրել է իր հետ փոխկապակցված անձի ընկերությանը, որի արդյունքում համայնքին պատճառվել են ծանր հետևանքներ: Բացի այդ, նույն քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նաև, որ վերջինս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի չափով կաշառք:

Թե՛ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և հափշտակության համար մեղադրվող նախկին պաշտոնյան, թե՛ նրա պաշտպանը հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:

Դատախազը հավելում է՝ դատարան ուղարկված մի շարք քրեական գործերով, այդ թվում՝ Գորիս, Վաղաշեն, Մրգավան և մի շարք այլ համայնքների ղեկավարների հնարավոր հանցանքները հաստատվել են մեղադրական դատավճիռներով, դրանց մի մասն արդեն իսկ օրինական ուժ է ստացել:

Սամվել Հակոբյան - Ընդ որում՝ մի շարք դեպքերում դատարանների կողմից որպես պատիժ նշանակվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում նյութական պատասխանատու, ինչպես նաև ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել:

Միայն 2022 թվականին դատարանը կայացրել է 13 դատավճիռ:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում