ՄԻԵԴ-ի վճռից հետո Վահան Խալաֆյանի իրավահաջորդները դատական գործի վերաբացման անհրաժեշտություն են տեսնում

ԱԱրսեն Մկրտչյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել 2010 թվականին մահացած Վահան Խալաֆյանի գործով: Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մահացած 24-ամյա Խալաֆյանի մահվան հանգամանքներն արդյունավետ չքննելու և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու պայմաններում ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքների խախտում, Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել՝ տուժողի իրավահաջորդներին վճարել 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Եվրոպական դատարանում Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանը բավարարված է վճռով ու արձանագրմամբ, որ քննությունը վարվել է միակողմանի:

Արա Ղազարյան (ՄԻԵԴ-ում Վահան Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ) - Ի սկզբանե որպես հիմք է ընդունել հենց այն ոստիկանների վարկածը, ովքեր եղել են նույն սենյակում, այսինքն՝ իրենք պոտենցիալ կասկածյալներ էին, և բոլորովին հաշվի չեն առնվել և՛ իրավապաշտպանների, և՛ պաշտպանական կողմի հետագայում դատարանում հիմնավոր պնդումները, փաստաթղթերն առ այն, որ տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ ինքնասպանության իմիտացիա, և մահվան իրական պատճառը հենց բռնությունն է:

2010 թվականի ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանն ու ևս երեք անձ բերման են ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք՝ գողություն կատարելու կասկածանքով: Խալաֆյանը հրաժարվել է խոստովանական ցուցմունք տալուց, ինչից հետո քրեական հետախուզության բաժանմունքի պետը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Խալաֆյանը, աշխատասենյակի պահարանից վերցնելով խոհանոցային դանակը, երկու անգամ հարվածել է իր որովայնին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա` շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, սակայն ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետը, բացի դանակի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ վնասվածքներ ևս արձանագրել է Խալաֆյանի մարմնի տարբեր մասերում: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը նմանատիպ այլ գործերի արդար քննության համար կարևորում է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը:

Ժաննա Ալեքսանյան («Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ) - 
Այսպիսի գործերն աղմկահարույց, ցուցիչ են մնացած բոլոր գործերի համար, որ, այ, եթե քննվում է անաչառ գործը, բազմակողմանի և օբյեկտիվ, կամ որ չի քննվել, բայց լույսը եկավ ՄԻԵԴ-ից, սա պետք է տարածվի նաև մնացած բոլոր գործերի վրա:

Վահան Խալաֆյանի մահվան փաստի առթիվ մեղադրանք էր առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետին, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորին, ավագ օպերլիազորներին: Ըստ մեղադրական եզրակացության` նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ակնհայտ դուրս գալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն են գործադրել բերման ենթարկված անձի նկատմամբ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանները ՄԻԵԴ-ի վճռից հետո դատական գործի վերաբացման անհրաժեշտություն են տեսնում:

Արա Ղազարյան - Մեղադրանք է առաջադրվել միայն պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ 309-ի 2-րդ մասով, որն այն ժամանակ շատ մեղմ հոդված էր, և խոշտանգման ինքնուրույն հանցակազմ հոդված չկար:

Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ գործի քննության համար կարող է խոչընդոտ լինել վաղեմության ժամկետը: Արդարության վերականգնման համար ակնկալում են պետության քաղաքական կամքի դրսևորումը:

Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Կարող է ցույց տրվել տարբեր գործողություններով, որը մարդու մոտ վստահություն առաջացնի, որ այլևս նման բան չի կարող կրկնվել:

12 տարի առաջ տեղի ունեցած դեպքի նոր քննությունը կարող է նաև այլ խոչընդոտների հանդիպել՝ նշում են իրավապաշտպանները, հավելում՝ այս գործով անհրաժեշտ է անցումային արդարադատության էլեմենտներ կիրառել:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում