ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը և հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Մեծարգո ներկաներ,

Հարգելի գործընկերներ,

Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել ՄԱԿ-i Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, որի նպատակն է իրացնել մեր նախնիների մշակութային ներուժն ի պաշտպանություն մշակութային բազմազանությանը և խաղաղությանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրաքի Հանրապետությանն այս հանդիպումն անցկացնելու համար։

Հայաստանն այս ֆորումը դիտարկում է որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որը կարող է էական դեր ունենալ այսօրվա գլոբալացված աշխարհի մարտահրավերներին դիմակայելու գործում։ Մենք հանձնառու ենք ակտիվորեն աջակցել և նպաստել միջմշակութային երկխոսության, փոխադարձ ըմբռնման և փոխհամաձայնության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին:

Համոզված ենք, որ բարելավված բազմամշակութային համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և մշակութային ներառական դինամիկայի, նորարարության, համերաշխության ու կայունության խթանմանն ուղղված քաղաքականություններն ի զորու են ամրապնդել հանդուրժողականությունը, հարգանքն առ բազմազանություն և խաղաղություն:

Հարգելի՛ բարեկամներ,

Հենց այս պահին, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը, ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ վերջին պատերազմի ընթացքում, իրականացնելով տարածաշրջանում հայկական մշակույթի ոչնչացման ու վերացման իր քաղաքականությունը` ցանկանում է ժխտել հայկական ժառանգության գոյությունն անգամ։

Ավելի քան հրատապ է միջազգային հանրության գործուն և հաստատակամ արձագանքը՝ կանխելու այս բարբարոսական գործողությունները, որոնք վտանգում են խաղաղությանն ուղղված ջանքերը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումը։

Ադրբեջանի կողմից մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության համար, և այն պետք է խստորեն դատապարտվի և հասցեագրվի: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղ անկախ փորձագիտական առաքելություն ուղարկելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկը, որի իրականացմանը մինչ այժմ խոչընդոտում է Ադրբեջանը։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը բազմիցս հայտնել է միջազգային գործընկերների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված միջոցների բարեխիղճ իրականացումն ապահովելու և միջմշակութային երկխոսության ու մշակութային բազմազանության խթանմանն ուղղված գլոբալ ջանքերին իր ներդրումն ունենալու նպատակով:

Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերն ու նվիրվածությունը թույլ կտան մեզ հետամուտ լինել մեր պարտավորություններին և էլ ավելի ամրապնդել մեր կապերն ու համագործակցությունը:

Շնորհակալություն»‎:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում