Երկուշաբթի «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը հաղորդաշարի տաղավարում կպատմի, որ նա և ալկոհոլը ընկերներ չեն, ընդհանրապես չի օգտագործում: Սոնան համոզված է, որ ահռելի կենսափորձ ունեցող, սակայն այն չօգտագործող ազգ ենք: Նա կարծում է, որ հեղափոխությունների շնորհիվ է պատմությունն առաջընթաց ապրել: Պետք չէ վախենալ որևէ բանից, և առհասարակ պետք է մոռանալ «վախ» բառը:
Երեքշաբթի լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը կանկեղծանա ու կասի, որ հանդիսություններից շուտ է հոգնում, ամեն գնով խուսափում է դրանցից: Նրան վախեցնում են չվախեցող մարդիկ: Նա գիտի, որ մենք արևի հետ դուրս եկած ու արևի հետ էլ մայր մտնող ժողովուրդ ենք:
Չորեքշաբթի բանաստեղծ, թարգմանիչ Ներսես Աթաբեկյանը կպատմի, որ առանց Սուրբ գրքի իրացության հնարավոր չէ մտնել համաշխարհային գրականության մեջ: Աթաբեկյանը գտնում է, որ մեր ենթագիտակցության մեջ կան դևեր և հրեշտակներ, ըստ այդմ Շագալը ստեղծագործում էր իրականության ու երազի սահմանին: Բանաստեղծության մեջ պետք է ազատ լինել աշխարհի հետ և չվախենալ: Նա համոզված է, որ հայը երկվորյակ է, անընդհատ երկու բևեռների մեջ է:
Հինգշաբթի դերասան Նարեկ Դուրյանը կխոստովանի, որ եթե մեկ այլ մասնագիտություն էլ ունենար, դա կլիներ խոհարարությունը: Դուրյանը համոզված է, որ թատրոնը միշտ պետք է քայլի ժամանակին համընթաց: Նա պարգևների մեջ վատ բան չի տեսնում, եթե դրանք չեն դառնում չափանիշ:
Ուրբաթ բեմադրիչ Ռոբերտ Առաքելյանը կկիսի իր համոզվածությունն առ այն, որ յուրաքանչյուր քաղաքի դիմագիծը մարդիկ են: Նա կարծում է՝ մեծ բան կորցրած կլիներ, եթե կարդացած չլիներ Սարոյանի «Օգոստոսը»: Բեմադրիչը վստահ է, որ եթե նյութական խնդիրներ չլինեն, ոչ մի հայ չի լքի իր հայրենիքը:
«Չակերտներ» հաղորդումը եթերում է ամեն աշխատանքային օր, կեսգիշերն անց։










