ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, փոխանցել նամակներ և ուղերձներ

ՄՄայա Խաչատրյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները փետրվարի վերջին և մարտի սկզբին տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց: Հայաստանում միջազգային մարդասիրական կառույցի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարի խոսքով՝ այցելել են բոլոր նրանց, ում գերության փաստը Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Այս անգամ էլ հնարավորություն է տրվել բոլոր այս անձանց կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների, հարազատների հետ: Կապի միջոցները տարբեր էին, օգտագործվել են Կարմիր խաչի ուղերձներ, հեռախոսազանգեր, նաև ձայնագրված տեսաուղերձներ:

Պատվիրակները գերիներին են փոխանցել նաև ընտանիքների կողմից նամակներ և տեսագրված ուղերձներ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախ հումանիտար օգնություն հասցնելիս ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված տղաներից մեկի կինն ընդգծեց, որ Կարմիր խաչի միջոցով կապ է հաստատել ամուսնու հետ, անհամբեր սպասում է օր առաջ նրա հայրենադարձմանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը ադրբեջանական իշխանություններին մի քանի անգամ ներկայացրել է ամփոփ տվյալներ ռազմական գործողությունների ժամանակ կամ դրա հետանքով հնարավոր գերության մեջ գտնվող անձանց վերաբերյալ, որպեսզի դիտարկեն տվյալները և փորձեն պատասխան ուղարկել առաջին հերթին այդ անձանց ընտանիքներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ տվյալները կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակում են: Հայ իրավապաշտպանները մոտ 80 անձի գերության մասին ապացույցներ ունեն: Ամատունին նշեց, որ շարունակում են աշխատել նաև պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց ընտանիքների հետ:

Զառա Ամատունի - Այս պահին տեղեկատվության փոխանակման փուլում ենք, փորձում ենք գնահատել իրավիճակն այսօրվա դրությամբ և սկսելու ենք շուտով մի ծրագիր, որի շրջանակներում կփորձենք կարիքների գնահատում անել բոլոր այն ընտանիքների, որոնց հարազատներն անհայտ են կորել:

Հումանիտար հարցերը նաև Եվրադատարան և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած միջպետական գանգատի առանցքում են: ՄԻԵԴ ներկայացված գործերն առնչվում են պատերազմի ընթացքում ու նաև դրանից հետո Ադրբեջանի թույլ տված խախտումներին:

Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Հայկական կողմն էդ գանգատի շրջանակում ներկայացրել էր միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ՝ ռազմագերիների հետ կապված, գերեվարված անձանց հետ կապված, որը էս պահին ընթանում է քննության գրավոր փուլի, Ադրբեջանը պետք է ներկայացնի առարկություն, որի վերջնաժամկետը ապրիլի 4-ն է, սպասում ենք գրավոր փաստարկներին:

Նույնը վերաբերում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցին, որի առնչությամբ Ադրբեջանի պատասխանն ակնկալվում է մինչև 2023-ի սկիզբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում