Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի հայեցակարգը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել է: Արցախի նախագահին կից ստեղծվել է հանձնաժողով, որի տասն անդամից հինգը, այդ թվում՝ հանձնաժողովի ղեկավարը, իրավաբաններ են, մյուս մասը՝ ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) - Սահմանադրական փոփոխություններն այս պահին իրականում անհրաժեշտություն են, քանի որ հետպատերազմյան ժամանակաշրջանում մեր այսօրվա ստեղծված իրողություններում մեր այսօրվա գործող Սահմանադրությունը չի համապատասխանում մեր իրականությանը:

Գագիկ Բաղունց (Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար) - Այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, ասենք, իշխանական ճյուղերի տարանջատման, հստակ տարանջատման պահը, տարբեր ժամանակներում Ազգային ժողովի և հանրապետության նախագահի ընտրությունների անցկացումը և մի շարք նման խնդիրներ:

Հակոբ Հակոբյան (Արցախի «Արդարադատություն» կուսակցության նախագահ) - Այն, ինչի պակասը մենք ունեինք պատերազմից հետո, փորձելու ենք, որ այս Սահմանադրության մեջ ներառվի:

Հանձնաժողովը եռամսյա ժամկետում պետք է հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

Արայիկ Լազարյան (Արցախի նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ) - Հանրապետության նախագահի կողմից հայեցակարգին հավանություն տրվելուց հետո սկսվելու է երկրորդ փուլը, համապատասխան հրամանագրով ստեղծվելու է արդեն մասնագիտական հանձնաժողով, որն զբաղվելու է սահմանադրական բարեփոխումների բուն նախագծի մշակմամբ: Այս հանձնաժողովի հիմնական խնդիրը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակումը, հաստատումը և հանրապետության նախագահին ներկայացնելն է:

Ըստ Արայիկ Լազարյանի՝ առայժմ կազմակերպչական հարցեր են քննարկում՝ ակնկալելով հայեցակարգի վերաբերյալ առաջարկություններ և միջնորդություններ:

Արայիկ Լազարյան - Հանձնաժողովը բաց է նման միջնորդությունների և առաջարկությունների ստացման համար: Դրանք բոլորը քննարկվելու են, և դրանց արդյունքներով կայացվելու են համապատասխան որոշումներ: Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է քարտուղարությունը, որի գործառույթները վերապահված են ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը:

Արցախի գործող սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է 2017-ի փետրվարի 20-ին: Կիսանախագահական կառավարման համակարգից երկիրն անցել է նախագահական կառավարման մոդելի:

Արթուր Մոսիյան (Արցախի ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար) - Նախագահի ինստիտուտի և խորհրդարանի միջև այդ կոշտ կապը՝ նույն օրը ընտրություն, նույն օրը մեկի հրաժարականի դեպքում մյուսի ցրում, կարող է ֆորսմաժորային իրավիճակներում հանգեցնել բավական խնդիրների: Եվ պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրականում հետպատերազմյան շրջանում այդ կոշտ կապը որևէ լավ տեղ չտարավ:

Աշոտ Ղուլյան (Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ) - Այնպես չէ, որ սահմանադրական փոփոխությունները բոլոր հարցերի համադարման են: Ցանկացած բարդ, ճգնաժամային իրավիճակներում շատ բան կախված է գործող իշխանությունների, երկրի առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելու, դրված քաղաքական նպատակներին հասնելու շուրջ հանրային մոբիլիզացիայի կարողություններին և ճիշտ որոշումներ ընդունելու ունակությանը:

Արցախի խորհրդարանական ուժերն առայժմ ձեռնպահ են մնում Սահմանադրության՝ իրենց առաջարկությունների վերաբերյալ հայտարարություն անելուց: Ասում են՝ դեռ մշակում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում