Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը միջնորդեց կասեցնել վարույթը և դիմել ՍԴ. նոր հանգամանք է ի հայտ եկել

ԳԳևորգ Թոսունյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ: Միջնորդության հիմքում դրվեց ««Հայկական ժամանակն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով ՄԻԵԴ-ի վճիռը, համաձայն որի արտակարգ դրություն հայտարարելու որոշումը դատական ստուգման առարկա երբեք չի դարձել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ստրասբուրգյան դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ Քոչարյանի հրամանագրի պատճառով խախտվել են Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ արդար դատաքննության և արտահայտվելու ազատության հոդվածներով նախատեսված իրավունքները։

Գևորգ Բաղդասարյան (մեղադրող դատախազ) - Դատարանն արդեն քննել է Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքների և այնտեղ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացրած ոստիկանական գործողության հանգամանքները և գտել, որ չի եղել որևէ ապացույց առ այն, որ այդ օրը ցուցարարների շրջանում խռովություններ հրահրելու նպատակով բաժանվել է զենք, կամ որ ցուցարարներն են առաջինը հարձակում գործել ոստիկանների վրա:

Շարունակելով՝ մեղադրող դատախազը նշեց՝ Եվրոպական դատարանն այս գործով մեջբերել է Մուշեղ Սաղաթելյանի գործով վճռից հատված, ըստ որի՝ մի շարք արժանահավատ զեկույցներից բխում է, որ ոստիկանները ոչ արդարացված և ավելորդ ուժ են կիրառել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ, և որ ոստիկանների կողմից ցուցարարներին նախապես որևէ հրահանգ չի տրվել ցրվելու:

Գևորգ Բաղդասարյան - Դատարանը նկատում է, որ կառավարությունը սույն գործով չի ներկայացրել որևէ ապացույց, որը կստիպեր կասկածի տակ առնել վերոհիշյալ զեկույցների եզրահանգումները:

Դատարանը նկատել է նաև, որ որևէ ապացույց չկա առ այն, որ մահերից որևէ մեկը վրա է հասել ցուցարարների դիտավորյալ կամ անզգույշ գործողությունների հետևանքով:

Գևորգ Բաղդասարյան - Դատարանը գտնում է, որ կառավարությունը համոզիչ կերպով չի ներկայացրել և ապացույցներով չի հիմնավորել իր այն պնդումը, որ ընդդիմության ցույցերը, որոնց դեմ տեղի է ունեցել խիստ հագեցված ոստիկանական միջամտություն, կարող է բնութագրվել որպես հանրային բնույթի արտակարգ դրություն, որը կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով սպառնալիք է հանդիսանում մարդու կյանքի համար:

Ըստ Բաղդասարյանի՝ որոշմամբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ մինչև արտակարգ դրություն հայտարարելու որոշումը նախագահն իրավունք ուներ բացառապես ձեռնարկել չհստակեցված միջոցներ՝ սահմանադրական կարգին սպառնացող կոնկրետ վտանգին արձագանքելու համար:

Գևորգ Բաղդասարյան - Փաստորեն, ՄԻԵԴ-ը վկայակոչված վճռով հաստատել է, որ Քրեական օրենսգրքի 300.1-ին մասով առաջադրված մեղադրանքներում նկարագրված իրադարձությունների ժամանակ արտակարգ դրություն հայտարարելը չի եղել հիմնավորված, անհրաժեշտ և զանգվածաբար խախտել է իրենց բողոքները ներկայացրած անձանց իրավունքները:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատախազության կողմից մատնանշված ՄԻԵԴ-ի վճիռը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ բողոքարկման եռամսյա ժամկետը դեռևս չի սպառվել։ Ըստ Ալումյանի՝ այն կդառնա վերջնական միայն դեկտեմբերի 21-ին, այն էլ՝ եթե կողմերից մեկը Մեծ պալատ չդիմի։ Ըստ նրա՝ ՄԻԵԴ-ի վճիռը ներկայացված է ոչ այնպես, ինչպես գոյություն ունի, ապա շարունակելով ընթերցել իր գրավոր հայտարարությունն ու մեջբերելով ՄԻԵԴ-ի վճռից հատվածներ՝ Ալումյանն ասաց.

Հայկ Ալումյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Եվրոպական դատարանի վճռով՝ հաստատված հանգամանքները ևս մեկ անգամ վկայում են նախկինում պարոն Քոչարյանին Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով առաջադրված մեղադրանքի շինծու և անօրինական լինելը:

Ալումյանի հայտարարությունից հետո մեղադրող դատախազը դատարանին ներկայացրեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրությունը, ըստ որի գործը չի փոխանցվել Մեծ պալատ և ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել հոկտեմբերի 8-ին:

Պաշտպանության կողմի մյուս ներկայացուցիչները միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը կհայտնեն հաջորդ դատական նիստին։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում