Այն խնդիրը, որ դրված էր մեր առջև, չենք կարողացել կատարել. Վանեցյան

ՇՇողիկ Գալստյան

«Պատիվ ունեմ» դաշինքը իր առջև նպատակ էր դրել կանխել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, սակայն այդ խնդիրը չի կարողացել կատարել. այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով «Լուրերի» հարցին՝ խոստովանեց դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյան («Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 1-ին համար) - Մենք չենք ունեցել 7 մանդատ ստանալու նպատակ, որ ասենք՝ հաղթեցինք, թե պարտվեցինք, այն խնդիրը, որ դրված էր մեր առջև, մենք չենք կարողացել կատարել:

Այդուհանդերձ, մանդատները վերցնել-չվերցնելու վերջնական որոշում դաշինքը դեռ չունի, իսկ եթե, ի վերջո, խորհրդարան գնալու որոշում կայացնեն, Արթուր Վանեցյանը ասաց՝ թիմին միայնակ չի թողնի, կվերցնի մանդատը:

Արթուր Վանեցյան - Գնալու եմ խորհրդարան և շարունակելու եմ պայքարը, ցավոք, մանդատներ վերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնի խորհրդարանի համար:

Դաշինքը այժմ քննարկում է մյուս քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Երբ լինի բարձր ատյանի որոշումը, այդ ժամանակ էլ որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ:

Արթուր Վանեցյան - Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո կասենք՝ ընդունո՞ւմ ենք ընտրության արդյունքները, թե՞ ոչ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների դաշինքը, ըստ էության, չի հաղթահարել անցողիկ շեմը: Ընտրական օրենսգրքով կուսակցությունների դաշինքի համար շեմը անցողիկ է, եթե տվյալ ուժը ստանում է ընտրողների առնվազն 7 տոկոսի քվեն:

Նախնական տվյալներով՝ 5.23 տոկոս ձայն ստացած դաշինքը, սակայն, օրենքի պահանջով կմտնի խորհրդարան: Սահմանադրությամբ ԱԺ-ում պետք է ներկայացված լինի առնվազն երեք ուժ: Թե ինչու «Պատիվ ունեմ» դաշինքը նման արդյունք գրանցեց, Վանեցյանը նշեց՝ պատճառները վերլուծելու համար դեռ ժամանակ է պետք:

Իսկ իշխող ուժին ավելի քան 50 տոկոս քվե տված քաղաքացիներին Արթուր Վանեցյանը համարում է «մոլորյալներ»: 

Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց՝ գործող իշխանության հետ որևէ համագործակցություն չի պատկերացնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում