Եթե այդքան լավ արդյունքներ կան, ինչո՞ւ տեղից չենք շարժվել: Ներկայացվում է վիճակագրություն, իսկ իրական կյանքում ունենք այն, ինչ ունենք: Խոստացված բարեփոխումները չեն իրականացվել: Ո՞նց էր, որ ընդդիմություն էիք, այդ բարեփոխումները կարևոր էին, երբ իշխանություն եք, դրանք կարևոր չեն: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք մեր գործն արել ենք՝ որպես ընդդիմություն, աջակցել ենք բարեփոխումների իրականացմանը, բայց մեր նկատմամբ ագրեսիա է եղել և ինձ համար անհասկանալի է դրա պատճառը: Հայտարարել եք՝ բռնությունը Հայաստանում տեղ չունի, բայց ինձ վրա հարձակում է իրականացվում, արդարացնում եք, որ ինքն է պրովոկացրել: Այսինքն՝ արած սխալը չի ընդունվել մինչև վերջ:
Ասում եք՝ պիտի վերընտրվեք, որ նախկին իշխանությունները չգան: այստեղ կա մանիպուլյատիվ մի բան՝ եթե մեզ չընտրեք, նախկինները կգան իշխանության: Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանը հետ գնալու ձև չունի, ընտրությունը ձեր ձեռքում է»,- նշեց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարը կարծում է, որ մեկ տարի է՝ հեռուստաեթերը փակ է քաղաքական որոշ ուժերի, գործիչների համար: «Հստակ պահանջ կա՝ էս մարդուն եթեր չկանչել: Հեղափոխական Հայաստանում եթերը պե՞տք է փակվի»,- ասաց նա՝ հավելելով. «Դուք տեսել եք, թե երկիրը ոնց է ղեկավարվել նախորդ 27 տարիների ընթացքում, եթե լավ ղեկավարվեր, հեղափոխություն չէր լինի, և տեսել եք՝ 3 տարի ոնց է ղեկավարվել, նախկին բարքերը կամաց-կամաց վերադառնում են»:










