Իտալական ամենամեծ լսարան ունեցող թերթերից մեկի՝ «Ավենիրե»-ի գլխավոր տնօրեն Մարկո Տարկինիոն մարտի 27-ին անդրադարձել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Մամադ Ահմադզադայի նամակին: Ինչպես հաղորդում է Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցը, Մարկո Տարկինիոն հրապարակել է Ադրբեջանի դեսպանի նամակն ամբողջությամբ, նաև իր արձագանքն այդ նամակին։
Մարկո Տարկինիոյի արձագանքը
«Ես ի գիտություն եմ ընդունում, պարոն դեսպան, Բաքվի կառավարության անունից արված հայտարարությունները` ի պատասխան այն մարդասիրական կոչի, որը մենք զետեղել ենք մեր էջերում, և որն Ադրբեջանի իշխանություններին ուղղել են իտալացի հայտնի մտավորականներ` Անտոնիա Արսլանի գլխավորությամբ: Ես, մասնավորապես, ի գիտություն եմ ընդունում, որ դուք հաստատում եք ձեր երկրում հայ ձերբակալվածների՝ զինվորական և քաղաքացիական, շարունակական ներկայությունը `միաժամանակ նրանց որակելով որպես «ահաբեկիչներ»: Ես պարզապես հիշեցնեմ, որ կոչը, որ հիմնված է նաև Human Rights Watch-ի կողմից ստուգված տեղեկատվության և տեսանյութերի վրա, դատապարտում է «նվաստացուցիչ և անմարդկային» վերաբերմունքը և վերաբերում է տարբեր փուլերում և ժամանակներում ձերբակալված մոտ վաթսուն մարդու: Ես նաև հավաստիացնում եմ ձեզ, որ մենք հավասարության սկզբունքով և բծախնդիր ուշադրությամբ քննության ենք առնում մարդու իրավունքների ոտնահարման ցանկացած հաղորդում, որտեղ էլ որ դա պատահի: Եվ իմացեք, որ խաղաղությունը շատ ավելին է, քան պատերազմի բացակայությունը»:










