ԼԼիլիթ Գասպարյան

Վազգեն Մանուկյանի կոչով ընդդիմադիրները փորձում են շրջափակել ԱԺ շենքը

Վազգեն Մանուկյանի կոչով ընդդիմադիրները փորձում են շրջափակել ԱԺ շենքը

Բաղրամյան պողոտայում ընթանում է վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:

Շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ ասել էին, որ մարտի 9-ի հանրահավաքի ժամանակ կորոշվեն շարժման հետագա անելիքները: Բաղրամյան պողոտան մոտ երկու շաբաթ փակ պահող ուժերն առաջարկել են արտահերթ ընտրության անցկացման իրենց սցենարը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, նոր միայն ընտրությունների նշանակում: Ընդդիմադիրներն անդրադարձել են նաև Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատելու հարցով ՍԴ չդիմելու նախագահի որոշմանը:

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե նախագահ ունենայինք:

«Բայց մենք նախագահ չունենք, ունենք մի հարուստ տուրիստ, որը հինգաստղանի դղյակում ապրում է, որին սպասարկում է 170 մարդ, մեր գրպանի հաշվին պտտում է աշխարհով մեկ՝ ոչ մի օգուտ չբերելով Հայաստանին: Եթե անգամ ինքն այս րոպեին ստորագրի, իմ խոսքերն ուժի մեջ են, մենք նախագահ չունենք: Դրա համար մոռացե՛ք իր մասին: 

Բայց մենք ունենք Ազգային ժողով, որը մեր օրենքներով գերագույն իշխանությունն է: Սակայն ԱԺ-ն այս 2.5 տարվա մեջ ինչ որոշումներ է ընդունել, հօգուտ մեր ժողովրդի և երկրի՝ ոչ մի: Ձրիակերների միություն... ես, իհարկե, բոլոր պատգամավորների մասին չեմ ասում, ես խոսում եմ Ազգային ժողովի աշխատանքների արդյունքների մասին, ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողովրդին և պետությանը: Թույլ տա՞նք, որ նրանք շարունակեն աշխատել... Իրենցից պահանջվում է մի աշխատանք՝ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ուրեմն, չպիտի կարողանան այս շենք մտնել. այս մուտքը փակ է, գնացե՛ք փակեք այն մուտքը, տղե՛րք, առա՜ջ: Այնտեղ էլ վրաններ կխփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենք: 

Կկարողանա՞նք պահել, մեզ պետք է, որ ամեն գիշեր 200-300 հոգի մարդ լինի, պաշտպանենք մերոնց, մեր վրանները: Մենք շրջապատում ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ մեր ժողովրդի և պետության համար հարիր որոշումներ կայացնեն: Փակե՛ք, հետո կշարունակենք մեր խոսակցությունը»,- եզրափակեց խոսքը Վազգեն Մանուկյանը: 

Նրա հորդորով քաղաքացիներն անմիջապես շարժվեցին ԱԺ շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ ԱԺ մուտքին:  

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վազգեն Մանուկյանը համոզմունք էր հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանը կվերադարձնի ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկը: 

«Համոզված եմ Արմեն Սարգսյանի որոշման մեջ»,- ասել էր Մանուկյանը:

Դրանից առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել էր Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում