ԱԱրսեն Մկրտչյան

Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Փաշինյան

Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտարարելով, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել: 

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ. անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար:
 

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
 

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ: Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները՝ մեր ապագան պլանավորելու և անցյալի սխալները չկրկնելու համար:
 

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում Հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչև վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է: Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»,- գրել է Փաշինյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում