1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի , 5-ի, 6-ի, 7-ի , 8-ի դեպքերի քրոնիկոնը:
Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք․ Սարումյան
«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ։ Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ։ Նշեմ նաև, որ այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողի»,- հայտնել է ԱՀ ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը։ Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։ Նշեց, որ յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։ Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք։ Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ։
Շուշիի ուղղությամբ մարտերը շարունակվում են. վստահ եղեք՝ բանակը կարողանալու է զսպել հակառակորդի զավթողական նկրտումները․ Սարումյան
ԱՀ ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը հայտնել է, որ ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են։ «Մարտական գործողությունների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են։ Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ։ Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասել է Սարումյանը։ ԱՀ ՊԲ ներկայացուցիչը նշել է, որ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Սարումյանի խոսքով՝ այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ։
«Ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսանավում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, խոցելու համար։ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հաճախ հակառակորդին չեն ներվելու։ Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը»,- շեշտել է Սարումյանը։
ՀՀ ՊՆ-ն ցավակցություն է հայտնել խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ
Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ: «Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ: Ըստ նախնական տվյալների՝ հարձակման արդյունքում կա երկու զոհ և մեկ վիրավոր: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը, զոհվածների ընտանիքի անդամներին և մարտական ընկերներին: Հատկանշական է, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: Այս տեսանկյունից ադրբեջանական կողմի պնդումները և արդարանալու փորձերը կեղծ են և հիմնազուրկ: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ՌԴ ԶՈՒ հանդեպ իրականացված այս ոտնձգությունը: Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,- ասված է հայտարարության մեջ:
Պատերազմում հնարավոր է, որ դիվերսիոն խումբը ներթափանցի բնակավայր և 1-2 րոպեով դրոշ բարձրացնի՝ գլխովին ոչնչացվելու գնով
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութին՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրել է խորհրդանշական խնդիր և պատրաստ է հաշվի չնստել որևէ կորստի հետ։
«Վստահեցնում եմ՝ այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով որևէ դրոշ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշը բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնելն է, պատրաստ ենք այդպես արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,- նշել է Սարումյանը։
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար. գերեվարվել է թշնամու երկու զինծառայող․ ՀՀ ՊՆ խոսնակ
«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող»,- գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում:
Շուշիի համար մարտերը շարունակվում են. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ժամը 19։12-ին գրել է, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
ՊԲ-ն և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա. ԱՀ նախագահ
«Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ»,- ժամը 19։07-ին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ»,- հայտարարել է ԱՀ նախագահը:
Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացումը
Կասեցվել է Կարմիր Շուկայի ուղղությամբ հակառակորդի գրոհը. ՀՀ ՊՆ խոսնակ
Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու, Մարտակերտի, Թաղավարդի և այլ ուղղություններով. ՊՆ ներկայացուցիչ
«Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»,- ասված է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ։
Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊԲ հրետանավորները. տեսանյութ
Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել մեր հրետանավորների, նրանց գործողությունների և սխրանքների մասին:
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվել են
«Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից»,- ասված է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի առավոտյան հրապարակած գրառման մեջ: Կիսվելով նույն գրառմամբ՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հավելել է, որ սա է իրերի իրական դրությունը։ «Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»,- նշել է Հովհաննիսյանը։
Շուշի-Քարինտակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել. թշնամին նահանջել է
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անուններ
Պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ.
Ստեփանակերտը հրթիռակոծվել է հեռահար հրթիռներով










