ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 15․10․2020 (օր 19-րդ)

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 15․10․2020 (օր 19-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի դեպքերի քրոնիկոնը:

Գիշերային ժամերին որոշակի թուլացում է տեղի ունենում կրակի, սակայն առավոտյան վերսկսում են հարձակումները․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ վաղ առավոտյան հակառակորդը նորից հարձակողական գործողություններ է նախաձեռնել 2-3 ուղղությունով՝ հատկապես հարավում՝ մերձարաքսյան հատվածում, համառ մարտեր են ընթացել, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին։ «Ընթացել են ծանր մարտեր, երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել է զգալի թվով կորուստներ։ Որոշ տեղերում հակառակորդին հաջողվել է հետ շպրտել։ Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր։ Հատկապես՝ հետևակ։ Անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։ Գիշերային ժամերին որոշակի թուլացում է տեղի ունենում կրակի, սակայն առավոտյան վերսկսում են հարձակումները»,- նշել է Հովհաննիսյանը։

Թուրք-ադրբեջանական դաշինքի և դրան աջակցող ահաբեկիչների մասին կան բազմաթիվ ապացույցներ

Թուրք-ադրբեջանական դաշինքի և այս դաշինքին աջակցող ահաբեկիչների մասին հաղորդագրությունները հաստատող բազմաթիվ ապացույցներ կան, որոնք վերջերս տեղ են գտել միջազգային լրատվամիջոցներում՝ տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ հրապարակելով լուսանկար։ 

Շահումյանի շրջանում այսօր ռմբակոծության հետևանքով մեկ վիրավոր կա․ ԱՀ ՄԻՊ

«Ադրբեջանական զինված ուժերը այսօր շարունակել են Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, ինչը պատերազմական հանցագործություն է: Բացի տարբեր բնակավայրերում արձանագրված ավերածություններից՝ մենք տեղեկություններ ենք ստացել, որ Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961 թ. ծնված Մարինա Թևոսյանը»,- հայտնել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են այս տարվա հուլիսին. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ

ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը տեղեկացրեց, որ F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական  զորավարժությունների նախապատրաստման ժամանակ: ՀՕՊ զորքերի պետի տեղակալի խոսքով՝ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել:

Հարավում ծանր ու համառ մարտեր են. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ հարավում ծանր ու համառ մարտեր են:

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված զինծառայողների նոր անուններ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները։

Հակառակորդի կորուստները 15.10.20 11։00

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 4 ԱԹՍ, 5 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ:

Թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում. Հովհաննիսյան

Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում՝ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ առավոտյան ԱՀ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:

Առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը. ՀՀ ՊՆ խոսնակ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը՝ տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում