ՆՆարե Ոսկանյան

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են այս տարվա հուլիսին. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներն Ադրբեջանում հայտնվել են այս տարվա հուլիսին. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ

ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը տեղեկացրեց, որ մամուլի ասուլիսից առաջ ստացել են տեղեկություն, որ հակառակորդի հերթական Սու-25 տեսակի ինքնաթիռն է խոցվել:

Մովսեսյանը հայտնեց, որ F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական  զորավարժությունների նախապատրաստման ժամանակ: 

ՀՕՊ զորքերի պետի տեղակալի խոսքով՝ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել:

«Ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով՝  հիմնականում թիրախավորելով Գյանջա, Վարդենիս, Գյանջա - Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի Հանրապետության տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդակայանում:

Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, նրանց  անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ: Պետք է նշեմ, որ վերաթռիչքը  Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով»,- ասաց Մովսեսյանը՝ նշելով, որ  Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների սկզբից Թուրքիայի F-16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել մարտական գործողություններին:

Գարիկ Մովսեսյանը հայտնեց, որ այդ ներգրավվածության մասին  խոսում են մի շարք փաստեր. օրինակ՝ սեպտեմբերի 27-ին Գյանջա - Սոթք - Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 երկու ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6 կմ խորությամբ:

«Սեպտեմեբրի 29-ին՝ ժամը 12:16-ի սահմանում, Մինգեչաուրի  ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռը, հայտնաբերելով ՀՀ խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի Սու-25 ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման  և սահմանից մոտավորապես  60 կմ հեռավորության վրա արձակած  հրթիռով խոցել մեր Սու-25 ինքնաթիռը:

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարություններով հանդես է եկել, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի և մարտական գործողություններին ներգրավում է նաև ավիացիա: Հետագա իրենց գործողությունները թաքցնելու նպատակով  հոկտեմբերին 3-ին հակառակորդը Գյանջա օդակայանից  իրականացնում է F-16 ինքնաթիռների վերահենակայանում Գաբալա օդակայան: Եթե մինչև այդ գործողությունները իրականացնում էր առանձին ինքն իր խմբով, դրանից հետո փոխում է նաև մարտավարությունը և սկսում է գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ»,- ասաց Մովսեսյանը: 

ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նշեց, որ F-16 ինքնաթիռները կատարում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից ՀՀ և ԱՀ տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցում են նրանց գործողություններին և պատսպարում»,- ասաց Մովսեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում