Երբ գյուղի խնդիրների լուծմանը մասնակից են երեխաները. Լոռու Մեղվահովիտ գյուղը վերջապես սկսել է շնչել

Երբ գյուղի խնդիրների լուծմանը մասնակից են երեխաները. Լոռու Մեղվահովիտ գյուղը վերջապես սկսել է շնչել

Տարիներ առաջ սկսվեց Մեղվահովտի դպրոցի նոր շենքի շինարարությունը: Սակայն մինչև շինարարության ավարտը գյուղի դպրոցականների թիվը նվազեց: Դպրոցը փակվեց, նորակառույց շենքը մնաց փակ, գյուղի դպրոցականներն ուսումը շարունակեցին հարևան Բլագոդարնոյեում:

Հրաչյա Ապինյան, «Դասավանդիր Հայաստան» առաջնորդական ծրագրի մասնակից - Ես նշանակվել էի Անի Մարտիրոսյանի հետ Բլագոդարնոյե դպրոցում երկամյա ծրագրով որպես առաջնորդական ծրագրի մասնակից, և այնտեղ որոշ ժամանակ աշխատելուց հետո հասկացանք, որ այս գյուղում խնդիրներ կան, որոնք կարելի է լուծել:

Անի Մարտիրոսյան, «Դասավանդիր Հայաստան» առաջնորդական ծրագրի մասնակից, Բլագոդարնոյե գյուղի դպրոցի ռուսերենի ուսուցիչ - Որոշեցինք Մեղվահովտի շենքն էլ ակտիվացնել, գյուղն էլ ակտիվացնել, փոխադարձ ակտիվություն ձևավորել, որ Բլագոդարնոյեի երեխաներն էլ Մեղվահովիտում խմբակի պարապմունքի գան. այսպես ծնվեց խմբակ բացելու միտքը:

Սկզբում հիմնեցին նկարաչության ու ձեռագործ աշխատանքների խմբակներ: Հետո որոշեցին կատարված աշխատանքից եկամուտ ստանալ և երեխաների համար խաղահրապարակ կառուցել:

Անի Մարտիրոսյան - Կախազարդերը վաճառեցինք Վանաձորի, Գյումրու և Երևանի խանութներին, նաև արտասահմանից փոխանցումներ եղան, բարի մարդիկ էլ օգնեցին, և այսպես կարողացանք խաղահարապարակը կառուցել:

Նաև նվիրատվություններ եղան, ու ստեղծվեց համեստ այս խաղահարապարակը՝ համեստ խաղասարքերով, որը, սակայն, անգնահատելի նվեր է մոռացված գյուղին ու անգնահատելի, որ ստեղծվել է երեխաների աշխատանքի շնորհիվ:

Անժելա Իգիթյան, ծրագրի մասնակից - Ամեն օր ինչ-որ բան ենք սովորում, երեխաները նոր առաջընթաց ունեն, մենք ուրախ ենք դրա համար:

Լեյլի Խաչատրյան, ծրագրի մասնակից - Շփվում ենք իրար հետ, ավելի լավ ենք իրար ճանաչում, հետո՝ հաճելի էր, որ գյուղի համար ինչ-որ բան ենք անում: Գյուղում ընդամենը 70 բնակիչ է ապրում:

Ստեփան Խաչատրյան, ծրագրի մասնակից - Գույքի մեծ մասը մեր ուժերով ենք ստեղծել: Ուզում եմ նաև նշել, որ գյուղում դրվեց առաջին աղբամանը, որ դեռևս չէր եղել:

Ոգևորվելով առաջին հաջողություններից՝ առաջ գնացին ու գերազանցեցին սպասումները՝ փոքրիկ կարի արտադրամաս, որի ստեղծման գաղափարը մտահղացել և կարի մեքենաները ձեռք են բերել հենց երեխաները:

Մարի Առաքելյան, նկարչական խմբակի ղեկավար - Ընկերների, անծանոթ և ծանոթ մարդկանց շնորհիվ ձեռք բերեցինք կարի 4 մեքենա, կգնենք պարագաներ, կտոր, թելեր, մկրատ և այլ անհարժեշտ իրեր: Արդեն համագործակցության տարբեր առաջարկներ ունենք:

Հիմա Մեղվահովտի խնդիրը, իրենց հնարավորության չափով, փորձում են լուծել գյուղի երեխաները, որ ծրագրի ղեկավարների հետ հաճախ ստիպված են եղել հաղթահարել նաև բյուրոկրատական քաշքշուկներ: Կատարվել է գրեթե անհնարինը: Երեխաները վստահ են իրենց ուժերին ու նախաձեռնությունների հաջողությանը և մեծերից սպասելիքները երկուսն են՝ չխանգարել ու հնարավորության դեպքում աջակցել իրենց ինչով կարող են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում