ՆՆարե Ոսկանյան

Կլինիկական օրդինատորներից ու նորավարտ բժիշկներից շատերը կորոնավիրուսի դեմ պայքարին են միանում վերապատրաստումից հետո

Կլինիկական օրդինատորներից ու նորավարտ բժիշկներից շատերը կորոնավիրուսի դեմ պայքարին են միանում վերապատրաստումից հետո

«Հավատացեք՝ մեկ այլ զգացողություն է, երբ թուլացած շնչառություն ունեցող կորոնավիրուսով հիվանդի կարգավորված շնչառությունն ես լսում: Այսօր այդ օրերից էր»,- ուրախությամբ ասում է բժշկուհի Սոնան: Օրեր առաջ էլ 13 օրական փոքրիկին էր ամուր գրկել: Հաջողվել էր կորոնավիրուսով վարակված ամենափոքր պացիենտին կրկնակի թեստը բացասական ստանալուց հետո տուն ճանապարհել: «Երբ իմացա՝ բացասական էր պատասխանը, շատ ոգևորված մայրիկին տեղեկացրի ու հատուկ իրեն ճանապարհելու համար հագել եմ նոր արտահագուստ ու ճանապարհել եմ»,- ուրախությամբ հիշում է բժշկուհին:

1lurer.am-ի հետ զրույցում բժշկուհի Սոնա Եգանյանը պատմում է՝ երբ լսել է առողջապահության նախարարության հայտարարությունը, որ  բժիշկներ են անհրաժեշտ, դիմել է որպես կամավոր աշխատանքներում ընդգրկվելու համար: Ասում է՝ ՔՈՎԻԴ-19-ով վարակվածների բուժման գործընթացում ընդգրկվելուց առաջ մեկ ամիս էլ վերապատրաստում է անցել ու նոր ներգրավվել աշխատանքներին: Այժմ աշխատում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին կից «Ռեժինե» հյուրանոցում, որտեղ  կորոնավիրուսով վարակակիրներն են այժմ բուժվում: 

           

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում 2020 թ. ապրիլի 13-ին կատարված փոփոխությունների համաձայն` արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով Կառավարության 2020 թ. մայիսի 21-ի թիվ 806-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները կարող են ներգրավվել անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում:

ԱՆ անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպիչ Մերի Կատվալյանը 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համաձայն այդ կարգի` առողջապահության նախարարությունը գնահատում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բնակչության բուժօգնությունն իրականացնելու համար անհրաժեշտ մարդկային ներուժի կարիքը, հավաքագրում բուժաշխատողներին և ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին` նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա:

«Հայտարարված պահանջները բավարարող դիմումատուների համար նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ` Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում: Վերապատրաստման դասընթացներն անցնելուց հետո թույլատրվում է բուժաշխատողների և ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումը բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում»:

Ավարտական կուրսերի կլինիկակական օրդինատորներն ըստ առաջնահերթության են վերապատրաստում անցնում՝ անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա, վարակաբանություն, ներքին հիվանդություններ, թոքաբանություն, ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատորները:

«Բուժական գործ» մասնագիտությամբ որակավորում ստացած և կլինիկական մասնագիտություններով օրդինատուրայի ավարտական կուրսերի օրդինատորները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացում ընդգրկվում են կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-վարակաբանի կամ բժիշկ-թերապևտի հսկողության տակ: «Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի օրդինատորները` կարճաժամկետ վերապատրաստման դասընթաց անցնելուց հետո` բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հսկողության տակ»:

Նա հայտնեց նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու գործընթացում մինչ այս պահը ընդգրկված կլինիկական օրդինատորների թիվը 118 է, որից անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ` 22-ը: Բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ծառայությունների դիմաց վարձատրությունը կազմակերպվում է ժամկետային աշխատանքային պայմանագրերի հիման վրա:  Արդեն մեկ ամիս է՝ նման պայմանագրով էլ աշխատում է բժշկուհի Սոնա Եգանյանը:

                     

Նախորդ տարի ԵՊԲՀ-ն ավարտած մանկաբույժն ասաց. «Ցանկացած օգնող ուժի կարիքն էլ կա, կլինի օրդինատոր թե նորավարտ: Այսօր այդ իրավիճակն է, երբ մեր բժիշկներին օգնողներ են պետք: Ես մեկ ամիս է տուն չեմ գնացել, բայց ինձ հետ աշխատող բժշկուհիները՝ Հասմիկ Օհանյանը, Հայկուհի Այվազյանն արդեն չորս ամիս է՝ ընտանիքից հեռու են: Ուժասպառ են, բայց փորձում են գիշերուզօր անել ամենը, ինչն անգամ իրենց ուժերից վեր է: ՉԷ՞ որ բժշկի մասնագիտությունը հենց այն է, երբ կարողանում ես օգնել, լավ արդյունք տեսնել»,- ասաց բժշկուհին: Որպես նեղ մասնագետ՝ մանկաբույժն ասաց, որ հիմնականում փոքրիկների բուժմամբ է զբաղվում, ու տպավորիչն այն է, որ երեխաները կորոնավիրուսի վարակը համեմատաբար ավելի թեթև են տանում, ու ապաքինման արդյունքն արագ են արձանագրում: Շեշտեց՝ յուրաքանչյուր երեխային վերադարձնելն իր առօրյա ակտիվ, չարաճճի կյանք, մեծ ձեռքբերում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում