ԱԱրևիկ Աբելյան

Մեկնարկում է #ՏանըՀավեսԷ թվային արշավ․ ՅՈՒՆԻՍԵՖ

Մեկնարկում է #ՏանըՀավեսԷ թվային արշավ․ ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են․ քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ծնողները շատ են ծանրաբեռնվել թե՛ հեռավար աշխատանքով, թե՛ տնային հոգսերով, թե՛ դպրոցահասակ երեխաների առցանց դասերով և փոքրիկների տնային ժամանցով, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ցանկացել է փոքր-ինչ թեթևացնել նրանց հոգսը և աջակցել տանը ամենափոքրերին զբաղեցնելու հարցում։

Սկսում ենք #LearningAtHome կամ #ՏանըՀավեսԷ արշավը, որը միտված է նպաստելու երեխաների ֆիզիկական, մտավոր և հուզական զարգացմանը, ինչպես նաև՝ այս սթրեսային ժամանակահատվածում տանը դրական մթնոլորտ ստեղծելուն։
 
«Գլխուղեղի զարգացման կարևորագույն շրջանը կյանքի առաջին տարիներն են։ Վաղ մանկական տարիքում՝ մինչև 5 տարեկանը, ամեն վայրկյան երեխայի գլխուղեղում նյարդային բջիջների միջև 700 կապ է ստեղծվում։ Նշանակում է, որ երեխայի և՛ առողջության, և՛ ուսման, և՛ ընդհանրապես՝ հետագա կյանքի հիմքը դրվում է կյանքի առաջին տարիներին,- նշում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: - Ըստ այդմ, կարևոր է հիշել, որ երեխայի զարգացման գործընթացը երբեք կանգ չի առնում։ Այն շարունակվում է՝ անկախ խնդիրներից, ինքնամեկուսացումից, համավարակից, շարունակվում է անկախ ամեն ինչից։ Մենք պետք է անենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի նպաստենք երեխայի ճիշտ զարգացմանն ու նրա շարունակական կրթմանը՝ հիշելով, որ մեր երեխաների ապագան մեր ձեռքերում է»:
 
Արշավի շրջանակում առաջարկվող խաղերը կօգնեն ծնողներին սիրով լի միջավայրում զարգացնել իրենց փոքրիկների ուղեղը՝ դրանով իսկ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի ոչ միայն երեխայի մտավոր և ֆիզիկական, այլ նաև՝ սոցիալական զարգացման համար: Զարգանալու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար երեխաները ավելի շատ խաղի կարիք ունեն այսօր, երբ հիմնականում տանն են գտնվում:
 
Արշավին է միացել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան տիկին Նունե Սարգսյանը, որը փոքրիկների համար ընթերցում է իր «Նռան հատիկները» մանկական հեքիաթը: «Երեխաները վաղ տարիքում ամենարագ և ամենալավ սովորողներն են։ Օգնենք նրանց արթուն պահել միտքը և էներգիան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս հիանալի ծրագիրը կօգնի ծնողներին ակտիվ, ուրախ և օգտակար անցկացնել մեկուսացումը իրենց բալիկների հետ»,- նշում է տիկին Սարգսյանը: Տեսագրությունը հասանելի է արշավի կայքէջում:
 
Այսպիսով, յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերում նոր խաղ-մարտահրավերներ կհրապարակվեն՝ խրախուսելով ծնողներին երեխաների հետ որակյալ ժամանակ անցկացնել՝ միևնույն ժամանակ տրամադրելով նոր գաղափարներ։
 
Ինչպես մասնակցել․

  1. Ընտրել արշավի կայքէջից որևէ խաղ կամ խաղեր։
  2. Նկարահանել և տեսանյութը տարածել սոցիալական մեդիայի ձեր էջում՝ գրառման մեջ ներառելով #ՏանըՀավեսԷ և #LearningAtHome հեշթեգերը կամ ուղարկել այն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆեյսբուքյան էջին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում