ՄՄարիամ Պետրոսյան

Տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունը դատապարտելի է․ ՀՀ ՊՆ

Տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունը դատապարտելի է․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների առնչությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում կայանալիք լայնածավալ զորավարժությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում առանց նախնական ծանուցման, ինչը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառում հանդիսացող 2011 թ. Վիեննայի փաստաթղթի անտեսման և կոպիտ խախտման հերթական դրսևորում է: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը, ինչը տեղի է ունենալու համաշխարհային մարտահրավերի՝ COVID-19 համավարակի դեմ միասնական գործողություններով պայքարելու անհրաժեշտության պայմաններում և ի հեճուկս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերեշի՝ համաշխարհային զինադադարի հաստատման կոչին:

Կոչ ենք անում ադրբեջանական կողմին զսպվածություն դրսևորել և հարգել միջազգային հանրության առջև ստանձնած հանձնառությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»,- նշված է ՀՀ ՊՆ հայտարարությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում