ՌՌոզա Խաչատրյան

Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան. ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ

Վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան. ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ

Այս օրերին, երբ ՔՈՎԻԴ-19-ի ճգնաժամի պատճառով աշխարհում աղքատ բնակչության շրջանում բարձրացել է սովի ցուցանիշի մակարդակը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին՝ կանխարգելել երեխաների հնարավոր թերսնուցումը, մասնավորապես, այն 370 միլիոն երեխաների համար, ովքեր դպրոցների փակման հետևանքով բաց են թողնում դպրոցական ճաշը:
 
«Աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցական սնունդը միակն է, որը նրանք ուտում են օրվա ընթացքում: Առանց դրա՝ նրանք քաղցած են մնում, ինչը սպառնում է նրանց առողջությանը և մեծացնում դպրոց չհաճախելու հավանականությունը։ Այս երեխաները կորցնում են աղքատությունից խուսափելու իրենց լավագույն հնարավորությունը: Մենք հիմա՛ պետք է գործենք, որպեսզի առողջապահական համաճարակը սովի աղետի չվերածվի»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley):
 
«Դպրոցը շատ ավելին է, քան կրթություն ստանալու համար նախատեսված վայր: Շատ երեխաների համար այն անվտանգության, առողջապահական ծառայություններ ստանալու և սնվելու փրկարար օղակն է: Եթե մենք հիմա չգործենք ամենախոցելի երեխաների համար կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը մասսայական դարձնելով՝ ՔՈՎԻԴ-19-ի պատճառած ավերիչ հետևանքները գալիք տասնամյակների ընթացքում դեռ կզգացվեն»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:
 
Դպրոցական սննդի ծրագրերից բացի՝ աղքատ երկրներում ապրող երեխաները դպրոցներում հաճախ օգտվում են բժշկական ծառայություններից, ինչպիսիք են պատվաստումները և ճիճվաթափությունը, որոնք իրականացվում են իրենց դպրոցների միջոցով:
 
Համագործակցության համաձայն՝ ՊՀԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջիկա ամիսներին աջակցելու են կառավարություններին, որպեսզի դպրոցների վերաբացումից հետո ապահովեն դպրոցական սննդի և առողջապահական ծրագրերի հասանելիությունը դպրոց հաճախող երեխաների համար։ Սա նաև խթան կհանդիսանա ծնողների համար, որպեսզի նրանք իրենց երեխաներին դպրոց ուղարկեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում