«Օձունի գանձերը» եւ խորովածի փառատոները Լոռի էին բերել հարյուրավոր հյուրերի

«Օձունի գանձերը» եւ խորովածի փառատոները Լոռի էին բերել հարյուրավոր հյուրերի

Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզի Օձուն եւ Ախթալա համայնքներ տանող ճանապարհներին անսովոր աշխուժություն էր: Հազարավոր հյուրեր վաղ առավոտից ճանապարհ էին ընկել մասնակցելու մարզի` այս տարվա երկու նշանակալի միջոցառումներին՝ խորովածի եւ «Օձունի գանձերը» փառատոներին:

Օձունի մշակույթի տան բակն արդեն չորրորդ տարին անընդմեջ վերածվում է գյուղմթերքի փառատոնային հրապարակի: Լոռու եւ մի քանի այլ մարզերի տարբեր համայնքներից ժամանած ներկայացուցիչները ցուցադրության ու վաճառի էին բերել իրենց արտադրած գյուղմթերքը՝ խոտաբույսերից ու թեյերից մինչեւ մեղր ու տարբեր պահածոներ: Փառատոնն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում է G2IA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպությունը:



Լոռու մարզի Կարմիր Աղեկ համայնքից Նվարդ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է մասնակցում «Օձունի գանձերը» փառատոնին: Ներկայացվող տեսականին ամեն անգամ նորամուծություն ունի: Համայնքին հատկացված տաղավարն այս տարի նախորդներից մեծ էր: Բերքի ամենալավ շրջանում Օձուն էին բերել մեղր, մրգեր, հատապտուղ, չրեր, տնական օղիներ ու բուսական թեյեր:





Փառատոնը հյուրեր ուներ նաեւ այլ մարզերից:
Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բրենդներից մեկը մեղրն է: Լոռեցիները զարմացել էին սաղմոսավանցիների մեղվաբուծության ավանդույթներով:



Հյուրերն ու զբոսաշրջիկներն էլ պահը բաց չթողեցին՝ ձեռք բերելու քիչ վայրերում հանդիպող բնական մեղրամոմով մեղրը:



Մշակույթի տան բակում գյուղմթերքի փառատոնից բացի նաեւ մշակութային միջոցառում էր կազմակերպվել` վիկտորինաներ, ազգային պարեր ու խաղեր:



67-ամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանն այստեղ մշտական հյուրերի ցանկում է: Առանց նրա ինչ-որ բան հաստատ պակաս կլիներ:



«Օձունի գանձերը» փառատոնից հետո հերթը խորովածինն էր: Յոթ տարի շարունակ  տարվա մեջ ընդամենը մեկ օր Ախթալայի վանական համալիրի բակը լցվում է խորովածի բույրով:





Խորովածի փառատոնը Լոռու մարզ է բերում Հայաստանի տասնյակ ռեստորանների ներկայացուցիչների ու անհատ խոհարարների: Մանղալներին շարված խորովածի նման բազմազանության քիչ տեղերում կհանդիպես. Ախթալայի փառատոնն այդ հարցում մրցակից, կարելի է ասել, չունի:









Խորովածի 7-րդ փառատոնի հաղթողը Beer Academy գարեջրատան թիմն էր:



Խոհարար Աշոտ Թումասյանը քչախոս էր, ավելի շուտ՝ գաղտնապահ: Տավարի մսից պատրաստած ու փառատոնում հաղթանակ բերած խորովածի բաղադրատոմսը չցանկացավ նշել, ինչպես ասաց՝ «ռազմական գաղտնիք է»:







Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման
ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն արդեն սպասում ու պատրաստվում է հաջորդ փառատոնին:

Կազմակերպության նախաձեռնած միջոցառումներից այս մեկն իր սիրելիների ցուցակում է: Լրագրողների հետ զրույցում Սեդրակ Մամուլյանն ուրախությամբ նշեց, որ փառատոնն ամեն տարի ավելի մասսայական է դառնում՝ Ախթալան դարձնելով Լոռու զբոսաշրջային հիմնական երթուղին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում