ԱԱրման Գալոյան

Որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը. քաղաքապետ

Որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը. քաղաքապետ

Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ:

Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել:

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է կազմակերպվում: Համայնքային պոլիկլինիկաները հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Ամեն օր համայնքային շուրջ 70 ավտոբուս 3-անգամյա ռեժիմով աշխատանքի է հասցնում ավելի քան 1800 բուժաշխատողի:

Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:

Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում