ՆՆարե Ոսկանյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ միջազգային փառատոնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ միջազգային փառատոնում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 1-5-ը Իսրայելում կմասնակցի Wandering Music Stars փառատոնին‚ որի շրջանակներում կանցկացվի նաև սաքսոֆոնահարների և կլարնետահարների միջազգային մրցույթ։

Փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 1-ին Երուսաղեմում։ Ելույթ կունենան Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը և կլարնետահար Շիրլեյ Բրիլը։ Համերգը կղեկավարի դրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կունենա չորս համերգ՝ մեկը՝ Երուսաղեմում (մարտի 2-ին) և երեքը՝ Թել Ավիվում (մարտի 3-ին‚ 4-ին և 5-ին)։ Նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը‚ Դանիել Լոզակովիչը‚ թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Դմիտրի Յաբլոնսկին‚ որը նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

Փառատոնային համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Հայդնի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախումբը Թել Ավիվում կհնչեցնի նաև անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար։ Նշենք‚ որ այս տարի նշվում է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանը‚ և Իրսայելում մեծ կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը հարգանքի տուրք է նրա հիշատակին։

Wandering Music Stars փառատոնի կազմակերպիչներից է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Նվագախումբն Իսրայել է մեկնում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում