Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումում «Բեշիկթաշի» և «Հապոել Բեեր Շևայի» միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` հաղորդում է TRT Haber-ը։
Անկարան պահանջել է միջադեպի բազմակողմանի հետաքննություն՝ նշելով, որ Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել։
Թուրքական կողմը պահանջում է օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկել «միջամտելու և Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու և համար պատասխանատու անձանց նկատմամբ»։
Նախորդ օրը Բաթումում «Բեշիկթաշի» և Իսրայելի «Հապոել Բեեր Շևայի» միջև խաղի ժամանակ «Բեշիկթաշի» երկրպագուների և ոստիկանության միջև բախումների արդյունքում վիրավորվել է երեք ոստիկան, իսկ 16 մարդ ձերբակալվել է։ Բոլոր ձերբակալվածները հետագայում ազատ են արձակվել։ Տրիբունաներում տեղի ունեցած միջադեպերի պատճառով խաղն ընդհատվել է մոտ 30 րոպե։ Ավելի ուշ այն վերսկսվել է, և թուրքական ակումբը հաղթել է 2-1 հաշվով։










