BBC-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ տարօրինակ էր, տեսնել՝ ինչպես է Դոնալդ Թրամփը Չինաստանում գրկում Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով «իր ընկերը»։ «Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի գործն է, բայց... դա տարօրինակ է: Պուտինը ագրեսոր է և չի կարող ընկեր լինել»,- նշել ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ նա տեղեկացրել է, որ շփումները կարող են վերսկսվել դեկտեմբերին: Զելենսկին նաև հայտնել է, որ Մոսկվայի դիրքորոշման պատճառով դեռևս պարզ չէ՝ արդյոք Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին, ինչպես Մոսկվա այցից հետո հայտարարել էին Սպիտակ տան բանագնացները։ «Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են իրապես արդյունավետ գործող դաշնակիցներ, որոնք կարող են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերը շարունակում են Ուկրաինային հարվածները: «Մեզ հաջողվում է խոցել ռուսական ԱԹՍ-ների շուրջ 70 տոկոսը։ Ցուցանիշները բարելավվել են։ Սակայն բալիստիկ հրթիռներով հարձակումները հետ մղելու համար նախատեսված հրթիռների պակասը շատ է զգացվում: Ամերիկացիները ձգձգում են Patriot համակարգերի մատակարարումները»,- շարունակել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն ավելի շատ կենտրոնացած է Մերձավոր Արևելքի հետ կապված հարցերի վրա: Զելենսկին հավելել է՝ Ուկրաինան այժմ պատրաստվում է ծանր և վտանգավոր ձմռանը։
Զելենսկու հայտարարությունները մեկնաբանել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփը նշել է, որ Ռուսաստանի նախագահին «ընկեր» է անվանել, քանի որ բարեկամական հարաբերությունները կարող են օգնել վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։
«Կարգավորման հիմնական խոչընդոտն այն է, որ Պուտինը և Զելենսկին ատում են իրար»,- համոզմունք է հայտնել Սպիտակ տան ղեկավարը:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում:













