Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ինը մարզի, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Իշխանությունների տվյալներով՝ Դնեպրոպետրովսկի մարզում թիրախավորվել են Կրիվոյ Ռոգի և Կամենսկի երկաթուղային կայարանները, ինչպես նաև ածխի երկու հանք։
Վիննիցայի և Կիրովոգրադի մարզերում ռուսական ուժերը հարվածել են էլեկտրական ենթակայանների։ Զապորոժիեի, Կիևի և Նիկոլաևի մարզերում վնասվել են պահեստներ և արդյունաբերական օբյեկտներ։ Խարկովի, Օդեսայի և Սումիի մարզերում հարվածներ են հասցվել բնակելի շենքերի։
Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Ռուսաստանի տարածքին: ՌԴ ՊՆ տվյալով՝ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 318 անօդաչու թռչող սարք: Թիրախում են եղել Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերը, ինչպես նաև Ղրիմը:
Լենինգրադի մարզում ժամանակավորապես փակվել է Լադոգայի կամուրջը: ԶԼՄ-ների տվյալներով՝ շրջանի տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել:
Նովոռոսիյսկում երեք մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի կառույցներ: Հաղորդվում է, որ Տուլայի մարզում սինթետիկ կաուչուկի գործարանի մերձակայքում պայթյուններ են լսվել։










