ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն անդրադարձել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը 2026 թվականի ապրիլին գրանցված մահվան դեպքերի և բժշկական օգնության հնարավոր ուշացման վերաբերյալ հրապարակմանը։
Նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է, որ խնամքի կենտրոնում բնակվում են տարբեր, այդ թվում՝ ծանր առողջական խնդիրներ ունեցող անձինք, իսկ մահվան դեպքերի մասին սահմանված կարգով անհապաղ տեղեկացվում են իրավապահ մարմինները։
Նրա խոսքով՝ կենտրոնում գործում է շուրջօրյա բուժծառայություն, իսկ հիշատակված երկու անձանց դեպքում բուժանձնակազմը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները և նույն օրը, առանց ուշացման, նրանց տեղափոխել բժշկական կենտրոն։
«Տեղի ունեցածի բոլոր մանրամասները անմիջապես փոխանցվել են իրավապահ մարմիններին․ տեղի կունենա պատշաճ քննություն և դեպքի բոլոր մանրամասները ըստ այդմ կպարզաբանվեն»,- նշել է Կոստանյանը։
Նախարարի խոսնակը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու 1 ապրիլին տեղի ունեցած դեպքի մասին հրապարակումներ արվել միայն նոյեմբերին։
Ավելի վաղ համացանցում լուրեր են տարածվել, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություններ է ստացել Խարբերդի մասնագիտացված մանկատանը բնակվող չորս անձանց մահվան դեպքերի վերաբերյալ։
Ըստ հրապարակումների՝ կենտրոնի բժիշկները երեք օր շարունակ տնօրինությանն ահազանգել են հինգ խնամառուների առողջական ծանր վիճակի մասին, սակայն վերջիններս բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երեք օր անց։
Հրապարակման համաձայն՝ ապրիլի 8-ին խնամքի կենտրոնից Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև 24-ամյա Արթուր Մ.-ն և 35-ամյա Հասմիկ Վ.-ն։ Առաջինը մահացել է նույն օրը, իսկ երկրորդը՝ օրեր անց։










