Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։
Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:

Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։










