Նոր նախաձեռնությունները հնարավորություն են տալիս տեսնել, թե ուր է գնում մեր աշխատանքը նաև Կառավարության նոր ծրագրի իրականացման ուղղությամբ։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մի թվային ցուցանիշ ասեմ, որը ցույց կտա, թե նախադպրոցական ոլորտի ֆինանսավորումն ինչպես է աճել։ Նախադպրոցական կրթությունը միայն մեր նախարարության ծրագրերով չէ, որ ֆինանսավորվում է․ համայնքային ֆինանսավորման շրջանակում, ինչպես նաև ՏԿԵՆ-ի բյուջեում բավականին ծախսեր են ներառված, բայց նույնիսկ միայն մեր բյուջետային ծրագրով տեսնում ենք, որ 2021 թվականի 1,1 մլրդ դրամից հասել ենք 9,5 մլրդ դրամի։ Եվ սա հսկայական աճ է, որը ցույց է տալիս նաև նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի բազմազանությունը։
Պետք է ասեմ, որ «500 մանկապարտեզ» ծրագրի արդյունքում Կառավարության սահմանած ծրագրի ցուցանիշներով ապահովում ենք 3–5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը։ Բայց սրան գումարվել է նաև մսուրի ծառայության ընդլայնումը։
Ես պետք է ուրախությամբ նշեմ, որ մենք այս տարի մեկնարկեցինք մեկ տարեկանից սկսած երեխաների համար մսուրային ծառայությունը, որը գործում է արդեն 7 մանկապարտեզում՝ յուրաքանչյուր մանկապարտեզում 15 հոգանոց խմբերով։ Եվ սա այն դեպքն է, երբ այս ծրագիրը որպես նոր ստանդարտ ներդրել ենք համայնքային մանկապարտեզներում։ Առաջիկայում նաև 6 ամսական երեխաների համար նախատեսված ծառայությունը կներդնենք։
Իսկ ինչ վերաբերում է նախադպրոցական ոլորտի նոր նախաձեռնություններին, պետք է հատկապես կարևորեմ տրանսպորտային ծառայությունը։ Պետք է հիշեցնեմ, որ գյուղական բնակավայրերում միշտ չէ, որ մասնագիտական կադրերը հասանելի են հենց նույն բնակավայրում, և տրանսպորտային ծառայության փոխհատուցումը դառնում է նաև մասնագիտական կադրերի ներգրավման կարևոր պայման։
Ուրախ եմ, որ արդեն 2027-ից մեր բյուջեով նախատեսված է նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը։ Նախատեսում ենք, որ ավելի քան 400 աշխատակից կօգտվի այս փուլում այս ծառայությունից»,- նշեց նախարարը։










