Կառավարությունը հաստատեց Ֆիզիկական արհեստական բանականության ծրագիրը։
«Ներկայացվող նախագիծը բխում է միանգամից մի քանի ուղղություններով մեր ռազմավարական անելիքներից»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«1. Առաջինը, որը կուզեի հատուկ շեշտադրել, գիտության ռազմավարության այն ուղղությունն է, որը ենթադրում է, որ գիտության ոլորտում ներդրումները պետք է իրականացվեն ինչպես պետության, այնպես էլ մասնավորի կողմից։
2. Երկրորդը, ինչին ուղղված է այս ծրագիրը, բուհերում առավել ակտիվ գիտական հետազոտությունների իրականացումն է։
3. Նաև սրանից բխող՝ բուհերի վարկանիշավորման համակարգում ակնկալվող առաջխաղացումն է, որը կարող ենք գրանցել այս ընդհանուր համագործակցության և հետազոտության ու կրթության որակի բարձրացման արդյունքում։
Նախագծով առաջարկվում է հաստատել Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր, որն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ և համաֆինանսավորման սկզբունքով։
Ծրագրի նպատակն է ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ»,- ասաց նախարարը։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ծրագրի իրականացման 7 տարիների արդյունքում նախատեսվում է առնվազն 14 մլն դոլարի ներդրում՝ կեսը՝ պետության, կեսը՝ մասնավորի կողմից։ «Առաջին տարում պետության կողմից ֆինանսավորման համար կհատկացնենք 168,4 մլն դրամ։ Սա առավելապես կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասին»,- ասաց Անդրեասյանը։
«Ակնհայտորեն, բոլորս ենք առնչվում ԱԲ-ին, որը մեծ տեմպերով զարգանում է, և շատ բնական հարց է հնչում՝ ինչ է լինելու հաջորդիվ։ Բնականաբար, ԱԲ-ն իր գործիքներով զարգանալու է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրը ՀՀ-ում արդեն իսկ ԱԲ-ի ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ հետևյալն է՝ նպատակադրում կա մեր կոնկրետ կրթական հաստատություններում ձևավորել կադրային ներուժ, ձևավորել նաև լաբորատորիաներ, որտեղ այս արհեստական փափուկ բանականության հանդիպումը և ինտեգրացիան արդեն նյութական առարկայի հետ տեղի կունենան, կամ կուսումնասիրվեն այդ ոլորտի հարցերը՝ իհարկե, հեռահար և ռազմավարական նպատակ ունենալով Հայաստանը դարձնել գրավիչ այդ ուղղությամբ ներդրումների համար, որովհետև ակնհայտ է, որ առաջիկայում արդյունաբերական ոլորտի ներդրումների մի հսկայական մասն այս բովանդակությունն է ունենալու։
Մենք, օգտվելով պատեհ առիթից, որ Սփյուռքում բավականին ծանրակշիռ ներուժ ունենք՝ ի դեմս այս ոլորտում ներգրավված մասնագետների, որոնք ուզում են, որ Հայաստանում այս ուղղությունը զարգանա, հիմա կայացնում ենք այս որոշումը, որպեսզի արդեն կրթական մակարդակից կարողանանք հնարավորություններ բացել նման զարգացումների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։










