Մի շատ կարևոր ծրագիր, որը մեկնարկելու է 2027 թվականի բյուջեով, վերաբերում է պետություն-մասնավոր համագործակցությանը։ Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մեզնից ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային մեծ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաները բավականին երկար սպասում են նախադպրոցական կրթության մեջ իրենց ընդգրկվելու հերթին, և այդ հերթերը, առաջին հերթին, բացասաբար են ազդում երեխաների կրթության և զարգացման վրա։ Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, թե որքան կարևոր է, որ երեխան գոնե մեկ տարի ընդգրկված լինի նախադպրոցական կրթության մեջ։
Կառավարությունն արդեն հաստատել է, և 2027 թվականի բյուջեով նախատեսված է ֆինանսավորումը, որպեսզի քաղաքային այն բնակավայրերում, որտեղ հերթի խնդիր ունենք, մասնավոր նախադպրոցական համակարգում ֆինանսավորենք երեխաների կրթությունը։
Սրանով մենք նաև կխրախուսենք, որպեսզի քաղաքային մեծ բնակավայրերում, բացի համայնքային հաստատություններից, ձևավորվեն և զարգանան մասնավոր նախադպրոցական ծառայություններ։
Պետք է հիշեցնեմ, որ սա Կառավարության նոր ծրագրի առանձնահատուկ շեշտադրում է, որն իրականացման գործնական փուլ է մտնում»,– նշեց նախարարը։










