Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի ընդունում ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում երկրի վերաբերյալ տեղ գտած քննադատությունները։
Գերատեսչությունը փաստաթուղթը որակել է կողմնակալ և անարդար՝ նշելով, որ Անկարան չի ընդունում հատկապես քաղաքական չափանիշներին, դատական համակարգին և հիմնարար իրավունքներին վերաբերող պնդումները։ Թուրքիան նաև քննադատել է զեկույցում Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումներին աջակցությունը։
Միևնույն ժամանակ Անկարան կարևորել է Եվրամիության հետ համագործակցության զարգացումն առևտրի, մատակարարման շղթաների, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Ըստ Եվրահանձնաժողովի զեկույցի՝ 2018 թվականից ի վեր Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները փակուղում են։
Նշվում է, որ 2026 թվականին ակտիվացել են ընդդիմադիրների և քաղաքական ակտիվիստների ձերբակալություններն ու դատական հետապնդումները, չեն հասցեագրվել ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացման վերաբերյալ նախկինում բարձրացված մտահոգությունները։ Ըստ փաստաթղթի՝ փոքրամասնությունները, այդ թվում՝ հայ համայնքը, բախվում են խտրականության և ատելության։ Եվրահանձնաժողովը միևնույն ժամանակ դրական է գնահատել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը։
Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել նաև Վրաստանի վերաբերյալ՝ նշելով երկրում ժողովրդավարական հետընթացը և քննադատելով ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։ Եվրահանձնաժողովը շեշտել է՝ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը փաստացի կասեցված է մնում։ Վրաստանի իշխանությունները նույնպես Եվրահանձնաժողովի զեկույցը որակել են «կողմնակալ» և «իրականությանը չհամապատասխանող»։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։













