Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին

Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, որոնք Երևանում են Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել․ «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար։ Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության զարգացումը, Հայաստանի պետական ինստիտուտների, ընդհանուր առմամբ՝ պետականության, տնտեսության զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայության կյանքի էպիկենտրոնը։ Պիտի արձանագրեմ, որ, ըստ էության, զուգահեռ այդ պրոցեսը տեղի է ունենում, որովհետև տեսնում ենք, որ Սփյուռքի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ ավելի ակտիվ ներգրավվածություն են ունենում Հայաստանում տնտեսության, կրթության զարգացման գործում, և այդ ոլորտում մենք ունենք հանրահայտ, նույնիսկ աշխարհահռչակ նախագծեր։ Բայց կարևոր է նաև, որ մենք մեր ուղերձը հասցնենք հայության բոլոր շերտերին, բոլոր քաղաքացիներին»։ Վարչապետն ընդգծել է, որ այս գործում չափազանց կարևոր է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի դերակատարումը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ղեկավարության ներքո։

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նոր Սահմանադրության նախագծի մասին և ընդգծել, որ այնտեղ անդրադարձ կա Հայաստան-սփյուռք հարաբերություններին․ «Ես ուզում եմ ևս մի նրբության վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որովհետև գիտեք, ըստ ամենայնի, որ մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում, և նախագիծը, որը հետագա մշակումների կենթարկվի, նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի։ Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին։ Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվի, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը, որովհետև կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ։ Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը։ Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես իրենց ինքնության շատ կարևոր և անբաժանելի մաս, որն, իհարկե, կարտահայտվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ և Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործունեություն ծավալելով»։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանձնակատարների արդյունավետ փոխգործակցության խթանմանը, Հայաստան-սփյուռք համակարգային և արդյունավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում