Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։
Նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ավանդը գրադարանային գործի զարգացման և ընթերցանության խթանման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ Կառավարության նոր ծրագրում ընթերցանության խրախուսումն առաջնահերթություն է․ իրականացվելու են բազմաթիվ նոր ծրագրեր՝ միտված հանրության շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացմանը։

Նա անդրադարձել է նաև 15 տարեկան դպրոցականների շրջանում անցկացված միջազգային հետազոտության արդյունքներին՝ շեշտելով, որ ուսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերը։
«Գրադարաններն իսկապես պետք է համայնքային կենտրոններ լինեն և դառնան բոլոր տարիքի մեր քաղաքացիների համար ամենահաճախ այցելվող վայրերից մեկը։ Ընթերցանությունը շատ ավելի խորը արմատներ է ձգում այնտեղ, որտեղ այն ուղեկցվում է կարդացած նյութի քննարկմամբ, կարծիքների փոխանակմամբ։ Գրադարաններն այն տարածքներն են, որտեղ պետք է տեղի ունենան ընթերցումներ ու քննարկումներ․ այստեղ գրադարանավարները շատ կարևոր անելիք ունեն՝ հուշելու, թե հետաքրքրող թեմաների շրջանակում ինչ գրականություն ընթերցել։ Անչափ կարևորում եմ նաև գրադարանների և կրթական հաստատությունների սերտ համագործակցությունը և ուրախ եմ, որ որոշ գրադարաններ այս ուղղությամբ ակտիվ աշխատում են»,- նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանավարների շարունակական վերապատրաստումները և հավելել, որ նախընթաց շրջանում արդեն իրականացվել են բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ․ նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։

Ընդգծելով, որ 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է «Ընթերցանության տարի»՝ Ժաննա Անդրեասյանը հորդորել է գրադարանային ոլորտի աշխատակիցներին լինել առավել նախաձեռնող կրթական հաստատություններին օժանդակելու, համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր իրականացնելու գործում։

Հանդիպման ընթացքում նախարարը գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև առաջիկայում մեկնարկող ատեստավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր․ «Կառավարության ծրագրով գրադարանավարների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում։ Գործառույթները, աշխատանքի հանդեպ պահանջները տարբեր են, ուստի կառանձնացվեն մասնագիտական համապատասխան խմբեր, և յուրաքանչյուր խմբի համար՝ ըստ պաշտոնի և պարտականությունների նկարագրի, կկազմակերպվի ատեստավորում, որը կապահովի նաև վարձատրության նկատելի բարձրացում»,- նշել է նախարարը և հավելել, որ ատեստավորման գործընթացը կնպաստի գրադարանային ոլորտի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավմանը։









