Աթենքում՝ Ակրոպոլիսի թանգարանում, տեղի է ունեցել «Հին Հայաստան» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Ցուցահանդեսն ընդգրկում է Պալեոլիթի ժամանակաշրջանից մինչև Ուրարտուի թագավորությունն ընկած ժամանակահատվածը՝ ներկայացնելով նաև Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների արքայական հարստությունների ժառանգությունը։
Բացման արարողության ժամանակ Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդգծել է միջոցառման պատմական նշանակությունը՝ նշելով, որ Ակրոպոլիսի թանգարանում նախկինում Հայաստանին նվիրված որևէ միջոցառում չի անցկացվել, իսկ Հունաստանում երբևէ չի ներկայացվել նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված ցուցահանդես։
«Այն պատմական է նաև այն պատճառով, որ Հայաստանի պատմության թանգարանը երբևէ աշխարհի որևէ թանգարան նման քանակով և նման որակով այսքան ցուցանմուշ չի ուղարկել»,- նշել է դեսպանը։

Մկրտչյանի խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2024 թվականին։ Նախապես նախատեսվում էր ներկայացնել Հայաստանի վրա հելլենիզմի ազդեցությունը, մասնավորապես՝ Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, սակայն հետագա ուսումնասիրությունների արդյունքում ընդլայնվել է ցուցահանդեսի շրջանակը։
Դեսպանն ընդգծել է, որ հայ-հունական մշակութային և քաղաքակրթական ազդեցությունները փոխադարձ են եղել, և դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից ու Արևելքում հելլենիզմի տարածումից առաջ Արևելյան Էգեյան ծովի հունական կղզիներում առկա են եղել ուրարտական և հայկական ազդեցության հետքեր։
Մկրտչյանն անդրադարձել է նաև պատմական ռևիզիոնիզմին դիմակայելու հարցում պատմության ուսումնասիրության նշանակությանը։
«Խոր պատմական անցյալի ավելի լավ ըմբռնումը երբեք խոչընդոտ չէ․ ընդհակառակը՝ այն անհրաժեշտություն է ցանկացած տեսակի և ցանկացած ծագման պատմական ռևիզիոնիզմին դիմակայելու համար»,- ասել է նա։
Տիգրան Մկրտչյանը նաև հայտնել է, որ ցուցահանդեսն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել 2027 կամ 2028 թվականին՝ հավելելով, որ սա, ամենայն հավանականությամբ, Հունաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իր ներգրավմամբ վերջին խոշոր և ամենակարևոր միջոցառումը կլինի։










