Հայաստանում բարելավվել է հանրային ներդրումների և ենթակառուցվածքների կառավարման համակարգը․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Հայաստանի «Հանրային ներդրումների կառավարման գնահատման (PIMA) թարմացում և կլիմայական հանրային ներդրումների կառավարման գնահատում (C-PIMA)» տեխնիկական աջակցության զեկույցը։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Գնահատման նպատակն է ուսումնասիրել Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը, գործընթացներն ու արդյունավետությունը, ինչպես նաև կլիմայական գործոնների ինտեգրումը ներդրումային որոշումների կայացման գործընթացում։ Գնահատումն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական խնդրանքով և ենթակառուցվածքային ծրագրերի պլանավորման, ֆինանսավորման և իրականացման գործընթացներում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցությամբ։
Զեկույցը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով միջնաժամկետ հատվածում հանրային ներդրումների ծավալն ավելացնելու Հայաստանի նպատակադրումը, այդ թվում՝ սոցիալական և կրթական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Կատարված ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս Հայաստանի համապատասխան ինստիտուտներն ու գործընթացները համադրելու տարածաշրջանային և նույն եկամտային խմբի երկրների հետ, ինչպես նաև նախանշելու հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղությունները։
Զեկույցն արձանագրում է, որ 2018 թվականի նախորդ գնահատումից ի վեր Հայաստանում բարելավվել է հանրային ներդրումների և ենթակառուցվածքների կառավարման ինստիտուցիոնալ համակարգը։ Իրականացված բարեփոխումները ներառում են ծրագրերի գնահատման և առաջնահերթությունների սահմանման նոր մեխանիզմների ներդրումը, ՊՄԳ շրջանակի վերանայումը, պետական գնումների բարեփոխումները, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարման կենտրոնական գործառույթների ամրապնդումը։
ԱՄՀ գնահատմամբ՝ Հայաստանի արդյունքները բարենպաստ են տարածաշրջանային և նույն եկամտային խմբի երկրների համեմատ: Հայաստանի հանրային ներդրումների կառավարման համակարգի համեմատական ուժեղ կողմերի թվում առանձնացվում են ծրագրերի որակի գնահատման արդյունավետ համակարգը, բազմամյա բյուջետավորումը, հարկաբյուջետային շրջանակը, բյուջեի համապարփակությունն ու միասնականությունը, ինչպես նաև ֆինանսավորման հասանելիությունը։
Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հանրային ներդրումների կառավարման համակարգում կլիմայական նկատառումների ինտեգրման ուղղությամբ գրանցված առաջընթացին։ Մասնավորապես, կլիմայական հարցերն աստիճանաբար ներառվում են ոլորտային ռազմավարություններում և շինարարական կարգավորումներում, առաջընթաց է գրանցվել նաև կլիմայական բյուջետային պիտակավորման համակարգի մշակման ուղղությամբ։ Միաժամանակ ընդգծվում է կլիմայական գործոններն ակտիվների պահպանման և կառավարման գործընթացներում առավել համակարգված ներառելու և աղետների ռիսկերի կառավարման շրջանակներն ընդլայնելու հնարավորությունը։
Գնահատման արդյունքների հիման վրա նախանշվել են հանրային ներդրումների կառավարման համակարգի հետագա բարելավման ուղղությունները, այդ թվում՝ ծրագրերի առաջնահերթությունների սահմանման մեխանիզմների կատարելագործումը, մշտադիտարկման արդյունքում ստացվող տեղեկատվության առավել արդյունավետ օգտագործումը, ծրագրերի գնահատման ուղեցույցների կատարելագործումը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններ։
Առաջարկվող բարեփոխումների իրականացումը միտված է հանրային ներդրումների արդյունավետության բարձրացմանը, բյուջեի կատարման բարելավմանը և ենթակառուցվածքների կլիմայական դիմակայունության ամրապնդմանը։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ:
Զեկույցում դեռևս հնարավոր են որոշակի խմբագրական փոփոխություններ:
Դիտումներ28







