Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումը (WFER IX), որին մասնակցում է նաև ՀԾԿՀ պատվիրակությունը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Ֆորումը համախմբել է աշխարհի տարբեր երկրների էներգետիկ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ոլորտի փորձագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Քննարկումների առանցքում են էներգետիկ ոլորտի անցումը դեպի ավելի մաքուր և կայուն էներգետիկ համակարգեր, էլեկտրաէներգետիկական ցանցերի զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ներդրումները, տարածաշրջանային էներգետիկ շուկաների ինտեգրումը, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարումը։
Օրակարգում են նաև էներգիայի կուտակման համակարգերի զարգացումն ու կարգավորումը, կանաչ ջրածնի կիրառումն ու զարգացումը, էներգետիկ ենթակառուցվածքների կիբերանվտանգությունը և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը էներգետիկ ոլորտում։
Ֆորումի շրջանակում առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ անցման պայմաններում կարգավորողների առջև ծառացած մարտահրավերներին, նոր ներդրումների խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանության հավասարակշռմանը։
WFER-ը էներգետիկ կարգավորման ոլորտի խոշորագույն միջազգային հարթակներից է, որտեղ տարբեր երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետները քննարկում են էներգետիկ ոլորտի զարգացման գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները։









