ԼԼուսինե Մուրադյան

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում դեռևս 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․-ին ցույց տալու համար՝ նախապես նրա կողմից խոստացված 5 մլն ՀՀ դրամ գումարի դիմաց, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով, խմբի կազմում, դեպքի նախորդող պահին տուժողի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալին ցույց տալու, ինչպես նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին տուժողին հետապնդելու ընթացքում խոչընդոտները վերացնելու միջոցով օժանդակել են Ա.Ս.-ի կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով եղբայրներ՝ Ա․Հ․-ի սպանության փորձին և նույն եղանակով Ար.Հ․-ի սպանությանը, որի արդյունքում Ա․Ս․-ն տուժողներին հետապնդելու ընթացքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․-ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.-ին, որից հետո դիմել է փախուստի։ 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ խուզարկություններ են կատարվել երկու ոստիկանների բնակարաններում:

Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Ա․Ս.-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի մոտեցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բողոքել, թե իր որդու սպանողը չի զրկվել ազատությունից: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ քրեական վարույթը վերաբերում է այս թեմային:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում