3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին․ նրանք կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ

ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:
Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախնական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն»,- գրել է նա Ֆեսբուքի իր էջում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։
Հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն, նշանակվել են համալիր փորձաքննություններ։







