Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին

Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին

«Silicon Mountains Summit & Expo 2026» միջազգային համաժողովի շրջանակում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել 21-րդ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, ով մրցանակներ է հանձնել օլիմպիադայի հաղթողներին։

Այս տարի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցել են 15 երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Լիբանանի, Հայաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Շրի Լանկայի, Պերուի, Ռուանդայի, Ռուսաստանի, Վիետնամի և Ֆրանսիայի ազգային օլիմպիադաների հաղթողները։

Մրցույթի արդյունքներով մրցանակային տեղեր են զբաղեցրել՝

  • Առաջին մրցանակ՝ Լիանա Խաչատրյան (Հայաստան),

  • Երկրորդ մրցանակ՝ Ասան Նդիայե (Ֆրանսիա),

  • Երրորդ մրցանակներ՝ Նաթալի Ջուլջյան (Լիբանան), Արթուր Սարիբեկյան (Հայաստան), Անտոն Գլինին (Ռուսաստան)։

«Լավագույն ճարտարագիտական լուծում» հատուկ մրցանակը, որը նվիրված է պատերազմի ընթացքում զոհված Արման Ճաղարյանի հիշատակին, շնորհվել է Հայկուշ Պետրոսյանին (Հայաստան)։

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության հավաստագրեր և հուշամեդալներ։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան գիտելիքահեն, երկու փուլով անցկացվող գրավոր մրցույթ է, որի նպատակն է բացահայտել և խրախուսել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում բարձր գիտելիքներ և մասնագիտական կարողություններ ունեցող երիտասարդ մասնագետներին։ Օլիմպիադային կարող են մասնակցել մինչև 30 տարեկան ճարտարագետներն ու ուսանողները։

Մրցույթի առաջին փուլն անցկացվում է մասնակից երկրներում՝ տեղական կազմակերպչական կոմիտեների կողմից, իսկ ազգային փուլերի հաղթողները հրավիրվում են Հայաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին։

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան անցկացվում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո և կարևոր հարթակ է՝ խթանելու միջազգային մասնագիտական համագործակցությունը, բացահայտելու երիտասարդ տաղանդներին և նպաստելու միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացմանը։

Օլիմպիադայի հովանավորներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր Տեխնոպարկը» և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը։

Գլխավոր հովանավորն է «ՅՈՒՔՈՄ» ՓԲԸ-ն, գլխավոր գործընկերը՝ «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՓԲԸ-ն, իսկ գլխավոր աջակիցը՝ ԱԿԲԱ բանկը։

Միջոցառումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ և IEEE միջազգային մասնագիտական կառույցի՝ Էլեկտրոնային և էլեկտրիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում