ԱԱրամ Մարանդյան

Վաղ նախազգուշացման համակարգերի արդիականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է. տեղի է ունեցել աշխատաժողով

Վաղ նախազգուշացման համակարգերի արդիականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է. տեղի է ունեցել աշխատաժողով

Հայաստանն իրականացնում է վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործմանն ուղղված ազգային ինքնագնահատում, ինչը աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում կարևոր քայլ է: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 26-27-ը տեղի է ունեցել «Բազմավտանգային վաղ նախազգուշացման համակարգի զարգացումը Հայաստանում» թեմայով ազգային ինքնագնահատման աշխատաժողով:

 

Միջոցառման նպատակը «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (EW4All) գլոբալ նախաձեռնության շրջանակում Հայաստանի վաղ նախազգուշացման համակարգերի վիճակի գնահատումն էր:

 

Աշխատաժողովին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Մասնակցում էին նաև տարբեր գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտահետազոտական կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, EW4All նախաձեռնության 4 հենասյուները ներկայացնող կազմակերպությունների (UNDRR, WMO, ITU, IFRC) տեխնիկական մասնագետներ, քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ։

 

Երկօրյա աշխատաժողովի օրակարգում վաղ նախազգուշացման համակարգերի չորս հիմնական բաղադրիչներն էին՝ ռիսկերի վերաբերյալ գիտելիքներ, մոնիթորինգ, կանխատեսում և վերլուծություն, նախազգուշացումների տարածում և հաղորդակցություն, նախազգուշացումներին պատրաստվածություն և արձագանքում։
 

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն աջակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ ընդգծել է, որ վաղ նախազգուշացման համակարգերի արդիականացումը բխում է 2025 թվականին ընդունված՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներից և Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունից։

 

ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին կարևորել է Հայաստանում բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման ազգային հանձնառությունը որպես երկարաժամկետ դիմակայունության հիմնական նախապայման։

 

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում ներկայացրել է կանխատեսումների ու վաղ նախազգուշացման համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը։

 

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են ինստիտուցիոնալ համակարգման, տեխնոլոգիաների, տվյալների փոխանակման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և ոլորտին վերաբերող այլ հարցեր:

 

Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Ջրամբարների կառավարման կարողությունների կատարելագործում կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի շրջանակում՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում