ՄՄարո Թարվերդյան

ՀՀ մի շարք տարածքներում մեկուսացվել ու մարվել են հրդեհի բազմաթիվ օջախներ․ աշխատանքները շարունակվում են

ՀՀ մի շարք տարածքներում մեկուսացվել ու մարվել են հրդեհի բազմաթիվ օջախներ․ աշխատանքները շարունակվում են

Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ Նրանց ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Նոյեմբերի 26-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել են, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է, միևնույն ժամանակ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։ 

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ 

Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հազարից ավել փրկարարական ծառայողներ, ովքեր շարունակաբար համագործակցում են Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության և Պաշտպանության նախարարության հետ: 

Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ 


•  Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, 
•  Լոռու մարզի Սպիտակի լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, 
•  Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում, 
•  Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, 
•  Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է: Նշված հատվածում և Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: 

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։

Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։ 

Իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտության դեպքում ՀՀ ՆԳՆ-ն հանդես կգա համապատասխան պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։ Խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911»,- ասված է հաղորդագրությունում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում